Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. վերջիններս կալանավորվել են:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել է նույն քաղաքի 1965թ. ծնված բնակչի դիակը՝ բռնության հետքերով: Պարզվել է, որ տղամարդը նաև ստացել է այլ մարմնական վնասվածքներ՝ գլխի շրջանում:
Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Սյունիքի մարզի բնակիչներ են՝ ծնված 1995, 1974 և 1984 թվականներին, և միմյանց հետ գտնվում են ազգակցական կապի մեջ:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը՝ փետրվարի 17-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի 1995թ. ծնված բնակիչն անձնական հարցերի շուրջ տուժողի՝ իր հորեղբոր հետ զրուցելու նպատակով իր երկու այլ ազգականների հետ, նախնական համաձայնությամբ, գնացել է տուժողի բնակության վայր: Վերջինիս դուրս են կանչել և միասին տաքսի ավտոմեքենայով մեկնել են Կապան քաղաքի ուղղությամբ։ Քաջարան-Կապան ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող չգործող բենզալցակայանի տարածքում վիճաբանել են, ինչի ժամանակ էլ երիտասարդն իր երկու ազգականների հետ բռնություն է գործադրել հորեղբոր նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Ապա 53-ամյա տղամարդուն տեղափոխել են Քաջարանի Շահումյան փողոցի 1-ին շենքի մոտ, թողել այնտեղ, որտեղ էլ, ստացած մարմնական վնասվածքներից, վերջինս մահացել է:
Սյունիքի մարզի երեք բնակիչները դեպքից հետո փորձել են հատել ՀՀ պետական սահմանը, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի երեք բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: