Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 20-ամյա աղջկա առեւանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին եւ 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, բացահայտ առեւանգել է նույն քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված աղջկան:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդն իր մտադրությունն իրականացնելու նպատակով, նախապես պլանավորելով ամուսնության նպատակով 20-ամյա աղջկա առեւանգումը, սկզբում դիմել է իր երկու ընկերներին, որոնց հետ 2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են աշխատավայր գնացող աղջկան եւ փողոցում նրա նկատմամբ բռնություն գործադրելու` ձեռքերից, ոտքերից գրկելու միջոցով, նրա կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենայի հետեւի նստատեղում, ու աղջկա` իրեն չառեւանգելու, տուն վերադարձնելու խնդրանքն անտեսելով, նրան բացահայտ առեւանգելով տեղափոխել են Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղից ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն:
Այնուհետեւ՝ առեւանգումից հետո շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին ստանալով մերժում, 2021թ. հունվարի 18-ին երիտասարդն իր երկու բարեկամների հետ է նախապես պայմանավորվել ամուսնության նպատակով աղջկա առեւանգումը համատեղ կատարելու շուրջ: Այդ նպատակով 2021թ. հունվարի 18-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել են ընկերուհու հետ համալսարան գնացող աղջկան, ապա փողոցում մի կողմ քաշելով աղջկա ընկերուհուն, խափանել են վերջինիս` առեւանգմանը խոչընդոտելու եւ միջամտելու փորձերը, եւ աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու, այն է` գրկելու եւ դեպի մեքենան քաշելու միջոցով, բացահայտ առեւանգել են նրան, իր կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենայի հետեւի նստատեղում եւ տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություններ, 20-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ, առերեսումներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին եւ բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: