| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին այսօր Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր և նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության էներգիայի և գազի արտադրության գծով գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների և «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հնարավորությունները: 
Ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար բարեկամ և կարևոր գործընկեր է, նաև թիվ մեկ առևտրային գործընկեր ԵՄ երկրների շարքում, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-գերմանական շարունակաբար զարգացող միջպետական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն է տալիս ստեղծված նախադրյալները փոխակերպել տնտեսական համատեղ ծրագրերի ու հաջողության նոր պատմությունների: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ շուրջ ութ տասնյակ ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում` հանքաարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, էլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և այլն, համոզվածություն հայտնելով, որ այդ ոլորտները ընդլայնելու դեռևս զգալի ներուժ կա: Նախագահը տպավորիչ է համարել Բավարիա երկրամասի տնտեսական հաջողությունները, որում մեծ դերակատարում ունի Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատը և հույս հայտնել, որ կհաջողվի համատեղ զարգացնել տնտեսական հարաբերություններ Բավարիա երկրամասի հետ՝ հաշվի առնելով Հայաստանի ներդրումային և առևտրային գրավչությունը` պայմանավորված նաև Հայաստանի բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականության ընձեռած հնարավորություններով ու առավելություններով: 
Հանդիպմանը մասնակցող Բավարիայի երկրամասի առաջատար ընկերությունների ղեկավարները նշել են, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն զարգացնելու մեծ հեռանկար են տեսնում և առաջիկայում նախատեսում են Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության ճանաչողական այց Հայաստան` ուսումնասիրելու փոխշահավետ և համագործակցության համար հեռանկարային ոլորտները: