Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հարցաքննվեց «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար մեղադրվող Ռոբերտ Աղվանյանը: Հետախուզման մեջ գտնվող Աղվանյանը հայտնաբերվել է 2017թ. մարտի 27-ին Թբիլիսի քաղաքում: Նրան ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է, և 2017 թվականի դեկտեմբերի 25-ին նա տեղափոխվել է ՀՀ:
Աղվանյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս վեց անձի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում քննված քրեական գործով չի հարցաքննվել: Նրան Հայաստան են տեղափոխել Բաբայանի նկատմամբ կայացված դատավճռից մեկ ամիս անց:
Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վճռով` ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման:
Սամվել Բաբայանի պաշտպանի միջնորդությամբ Վերաքննիչ քրեական դատարան բերված կալանավոր Ռոբերտ Աղվանյանն այսօր ուշագրավ մանրամասներ պատմեց «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հրթիռն իրացնելու վերաբերյալ: Ըստ նրա` գործով ամբաստանյալներից ճանաչում է միայն Արմեն Պողոսյանին: Աղվանյանի ցուցմունքից պարզ դարձավ, որ նա հրթիռը ձեռք է բերել ոչ թե մաքսանենգ ճանապարհով՝ Վրաստանից, այլ այն պատկանել է իր հորը՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանին և տարիներ շարունակ պահվել իրենց՝ Էջմիածնում գտնվող տանը:
Վկան դատարանին հայտնեց, որ «Իգլա»-ի մասին ինքն իմացել է 2010-ին, երբ որոշել են վաճառել տունը: Նա նշեց, որ զենքի մասին նախ զրուցել է եզդի Ռուստամի հետ (խոսքը Ռուստամ Սադոյանի մասին է): «Ասել եմ, որ սա կարող է պետք գալ քրդերին՝ թուրքերի հերն անիծելու համար»,- ասաց վկան:
Աղվանյանի խոսքով` ինքը հրթիռը 25.000 դոլարով պետք է վաճառեր Հրաչ Մայիլյանին (Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տված անձը, որի շնորհիվ բացահայտվել էր գործը), սակայն հասցրել է ստանալ միայն գումարի մի մասը՝ 4000 դոլարը, իսկ մնացած մասը պետք է ստանար հրթիռը վաճառելուց հետո:
Ըստ նրա՝ հրթիռը մնացել էր 90-ականներից՝ Արցախյան պատերազմից: Վկան խոստովանեց, որ ինքը Հրաչ Մայիլյանին ստել է՝ ասելով, թե իբր հրթիռը պետք է բերվի Վրաստանից, այդ կերպ նա փորձել է բարձրացնել վաճառվող զենքի արժեքը: «Ինձ ասել էին, որ հրթիռը Հայաստանից պետք է տանեն դուրս, այլապես չէի վաճառի»,- ասաց նա և ավելացրեց. «Եթե ես այն Վրաստանից բերած լինեի, հիմա ինձ չէին արտահանձնի և այստեղ կանգնած չէի լինի»:
Աղվանյանը նաև հայտնեց, որ Վրաստանում հետախուզման մեջ գտնվելու ընթացքում, գիտակցելով իր սխալը, իրեն պատկանող մեկ այլ հրթիռ նվիրաբերել է բանակին:
Ըստ վկայի` ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել, որևէ մեկից չի վախենում և պատրաստ է պատիժ կրել այն արարքի համար, որ կատարել է:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է առաջին ատյանի կայացրած դատավճիռը: Այսօրվա նիստում ավարտվեց վերաքննիչ գործով դատաքննությունը, կողմերին ժամանակ տրվեց ճառերին պատրաստվելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերել: