կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-31 19:45
Հասարակություն

Դատարանից փախուստի դիմած կալանավորն արդեն մեկ ամիս է՝ ազատության մեջ է

Դատարանից փախուստի դիմած կալանավորն արդեն մեկ ամիս է՝ ազատության մեջ է

«Փաստինֆո»-ն գրում է, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորն արդեն մեկ ամիս է՝ խաղաղ շրջում է ազատության մեջ։ Իրավապահներին առ այս պահը չի հաջողվել հայտնաբերել անձին, որը գուցե անգամ լքել է ՀՀ տարածքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Ավան» նստավայրից կալանավորը դիմել էր փախուստի։ Պարզվել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացակայելու արգելք խափանման միջոցն ընտրված անձի նկատմամբ կայացվել է դատավճիռ, որով որպես պատիժ նշանակվել է ազատազրկում, սակայն մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Դատական նիստի ավարտից հետո վերջինս նիստերի դահլիճից դիմել է փախուստի։ Դատական կարգադրիչների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով՝ արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը, և 446-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութությունը։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ անձը դեռևս չի հայտնաբերվել։