կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-12 19:29
Իրավական

Ամփոփվել են թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները

 Ամփոփվել են թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է թթվասերի շուկայում կատարված պետական վերահսկողության արդյունքները: Հիշեցնենք, որ, «Հետք» էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, վերահսկողության միջոցառումներ են իրականացվել բոլոր այն կազմակերպություններում («Չանախ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Էջմիածին կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ,  «Պարգև» ՍՊԸ-ում), որոնց արտադրանքում արձանագրվել էին անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության միջոցառումների շրջանակներում բացահայտվել են համակարգային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են գրեթե բոլոր արտադրողներին. սա արտադրողների մոտ որակի կառավարման համակարգերի բացակայության և թերի կիրառման արդյունք է, և խնդրի լուծման ուղիներից մեկը,  ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրումն է:

Վերահսկողության արդյունքում «Չանախ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրամասում եղել է 150 կգ տեխնիակական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող թթվասերի զանգված, որը Ծառայության մասնագետների կողմից ոչնչացվել է, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվել: Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում 06.02.2018թ. արտադրված թթվասերի նմուշում արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով: Հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ. տրվել է կրկնապիտակի միջոցով այն շտկելու հանձնարարական:

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերմանն առնչվող խախտումներ, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունն իրականցվում է ոչ լիարժեք:

Հումքի մթերման  գործընթացը պատշաճ չի կազմակերպվում նաև «Թամարա» ՍՊԸ-ում, չի իրականացվում արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն: Պատրաստի արտադրանքից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն օգտագործում է սեփական ֆերմայում արտադրված կաթը, որն էականորեն նվազեցնում է հումքի հետ առնչվող ռիսկերը, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք: Պատրաստի արտադրանքից վերցվել է նմուշ. անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել: 

«Բոնիլատ» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում: Կատարվել է 05.02.2018 թվականի արտադրության թթվասերի նմուշառում, փորձաքնության արդյունքներով արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով:

Հումքի մթերման փուլում խախտումներ են արձանագրվել նաև «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ում, պատրաստի արտադրանքից կատարված փորձաքննությամբ՝ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Ներդրված է որակի կառավարման համակարգ, սակայն արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողությունը իրականցվում է ոչ լիարժեք:

«Պարգև» ՍՊԸ-ում արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ, արտադրական պրոցեսների նկատմամբ փաստաթղթավորված հսկողություն չի իրականացվում:  Լաբորատոր փորձաքննությամբ՝ անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Այս արդյունքների հիման վրա՝ Ծառայությունը «Բոնիլատ» ՍՊԸ-ի 05.02.2018թ. արտադրության (0.5 կգ փաթեթվածքով, պիտանիության ժամկետը՝ 9 օր) թթվասերի խմբաքանակը ճանաչել է վտանգավոր, տրվել են արտադրանքի հետ կանչի կարգադրագրեր, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է:

Վտանգավոր է ճանաչվել նաև «Չանախ» ՍՊԸ-ի 06.02.2018թ. արտադրության (200 կգ ընդհանուր զանգվածով, պիտանիության ժամկետը՝ 6 օր) թթվասերը. Ծառայության կողմից տրվել է արտադրական գործընթացի կասեցման որոշում:

Փորձաքննված նմուշներում հակաբիոտիկներ և բուսական յուղ չեն հայտաբերվել:

 Ծառայության կողմից տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, խնդիրների լիարժեք լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ինչպես անասնապահության, կաթի մթերումների կազմակերպման, այնպես էլ  բուն արտադրության փուլերում:

Հաճախ իրացման կետերում են խախտվում սննդամթերքի պահման պայմանները, որով պայմանավորված էլ առաջանում են մարէաբանական անհամապատասխանություններ: Ներկայումս, Ծառայության աջակցությամբ, ցանցային իրացման կետերում ձևավորվում են որակի հսկողության ստորաբաժանումներ, որոնք մշտապես փոխադարձ կապի մեջ կլինեն Ծառայության հետ՝ ապահովելու համար ամենօրյա հսկողություն: Հատկապես որ՝ խախտումներն այս ոլորտում կրկնվում են. միայն նախորդ տարի Ծառայությունը կաթնամթերքի շուկայում իրականացրել է 66 ստուգում և 14 դիտարկում՝ գերակշիռ մասում արձանագրելով բացթողումներ: Արդյունքում կայացվել է արտադրական գործունությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում:

Հրապարակման մեջ նշված արտադրողների կողմից թողարկվող արտադրանքի համար առկա են համապատասխանության հայտարարագրեր, որը ենթադրում է, որ տվյալ արտադրանքը թե անվտանգության ցուցանիշներով, թե մակշմամբ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկակական պահանջներին:

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն