կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-08 17:46
Քաղաքական

Մենք պատրաստ ենք խոսել ուժի լեզվով, բայց ուժի կիրառումը խնդրի լուծում չէ. Արտակ Զաքարյան

Մենք պատրաստ ենք խոսել ուժի լեզվով, բայց ուժի կիրառումը խնդրի լուծում չէ. Արտակ Զաքարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը այսօր խորհրդարանում լրագորղներին ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պրոֆեսիոնալ ձևով զբաղվում է Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, և մեր տեսակետները համահունչ են, բացառությամբ մի հարցի:

«Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ պետք է ունենանք ԵԱՀԿ-ի հասցեական դիրքորոշումը հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերի համար»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Այդ հասցեական դիրքորոշումը կյանքի կոչելու համար մենք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում առաջարկել ենք, որպեսզի ներդրվեն հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ»:

Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակ խեղաթյուրել է խնդիրը, անընդհատ փորձել է ձախողել վերահսկման այդ մեխանիզմների ներդրումը, որ միջազգային հանրությունը ցանկանում է կիրառել խնդրի խաղաղ կարգավորման համար, և հիմա էլ նույն բանն է անում, և ԵԱՀԿ-ն մեծ անելիք ունի այստեղ: Ըստ Զաքարյանի՝ ուժի դիրքից պատրաստ լինելը մեր քաղաքականության մի մասն է:

«Եթե մենք ասում ենք` պատրաստ ենք խոսել ուժի լեզվով, դա չի նշանակում, որ հայկական կողմերը, մասնավորապես` ԼՂՀ-ն, կողմ են ագրեսիային: Դա մեր քաղաքակնությունը չէ, մենք ուժի դիրքերը գնահատում ենք որպես պաշտպանական քաղաքականություն, որպես մեր՝ ԼՂՀ բնակչության, անվտանգության պաշտպանության քաղաքականություն»,- ընդգծեց պատգամավորը, հավելելով՝ եթե Ադրբեջանը խոսում է ուժի դիրքից, մենք այդ ուժին համահունչ ուժ միշտ էլ ցուցադրել ենք, ցուցադրում ենք ու ցուցադրելու ենք, բայց մենք հասկանում ենք, որ ուժի կիրառումը խնդրի լուծում չի կարող լինել, հետևաբար, մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ միջնորդություն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբից լավ այդ միջնորդությունը ոչ ոք չի կարող անել: «Դրա համար մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին` ավելացնել ջանքերը և այդ ջանքերը դարձնել հասցեական»,- ասաց Զաքարյանը:

Անդրադառնալով հարցին` թե ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը կապեր է հաստատում Թուրքիայի նախագահի հետ, իսկ մեզ հետ` դեռ ոչ, Զաքարյանը նշեց, որ ԱՄՆ գործող նախագահն այս պահի դրությամբ դեռ Օբաման է, և որ հունվարի 20-ից հետո նոր պաշտոնապես կլինի Թրամփը, այդ ժամանակ էլ պաշտոնական շփումների մակարդակը նա կավելացնի: Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել ԱՄՆ պաշտոնական հաղորդագրությունը, որ իրենց վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում մեծ մասամբ չի փոխվելու:

Դիտարկմանը՝ Թրամփին հարցրել են Ղարաբաղյան խնդրից, նա ասել է, թե տեղյակ չէ, Զաքարյանն արձագանքեց. «Շատ հնարավոր է, որ տեղյակ չլինի, բայց աշխատակազմը և վարչակարգը նրա համար է, որ նոր նախագահներին պատրաստի խնդրի խաղաղ կարգավորումներին: Դա անձնական նախասիրությունների խնդիր չի կարող լինել: Այդ հարցը ԼՂՀ ամբողջ բնակչության անվտանգության հարցն է, և անձնական նախասիրությունների հարց չի կարող լինել: Այնպես որ` ԱՄՆ-ը կշարունակի ունենալ հստակ հավասարակշռված դիրքորոշում նաև այս հարցում»: