կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-08 17:17
Հասարակություն

Բազմաթիվ «ինչո՞ւ»-ներով բուռն քննարկում ԱԺ-ում` աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ

Բազմաթիվ «ինչո՞ւ»-ներով բուռն քննարկում ԱԺ-ում` աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ

ԱԺ-ում քննարկվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի քննարկումը բուռն անցավ:

ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց հիմա որոշվեց արգելել աջակողմյան մեքենաները, և արդյո՞ք նախատեսվում է մեքենաների վերասարքավորում:

Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ 2017-ի ընթացքում նկատել են` դրանց ներմուծումն ավելանում էր, և օրենսդրական նախաձեռնության սկիզբը դա է եղել: «Մեքենաները, որոնք կարող են ձևափոխվել կամ արդեն վերասարքավորվել են, կամ կսարքավորվեն, եթե սեփականատերը կողմ է: Պարտադրանք չկա, վարորդները կարող են շարունակել վարել աջ ղեկով: Սկզբում որոշել էինք, որ ովքեր ունեն աջակողմյան ղեկով մեքենա, կարող են վարել, բայց վերագրանցել չեն կարող, սակայն հանրային քննարկման ժամանակ կարծիքներ հնչեցին, որ չպետք է սահմանափակեն նրանց սեփականության իրավունքը: Խնդիրն այն է, որ մեր երկիրն ընտրել է աջակողմյան երթևեկություն և բոլոր ճանապարհային նշաններն ու երթևեկության կազմակերպությունը այս ամենին են համապատասխան»,- ասաց Գրիգորյանը:

Իսկ թե ինչո՞ւ է արգելվել աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, փոխնախարարը պատասխանեց, որ նման որոշում է կայացվել` մարդկանց շահերը հաշվի առնելով: «Կարող է` մարդիկ պատվիրած մեքենա ունեն: Ուզում ենք, որ նրանք հասցնեն ներմուծել իրենց պատվիրած մեքենաները»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Սերգեյ Բագրատյանը նշեց, որ կա հակասություն Սահմանադրության հետ` խախտվում է որոշակիության սկզբունքը, քանի որ չի նշվում` հոկտեմբերի 1-ից հետո արդյո՞ք կրկին արգելվելու է ներմուծել աջ ղեկով մեքենաները:

Գրիգորյանը նշեց, որ, ԵՏՄ-ի ինչ-ինչ գործառույթներից ելնելով` Հայաստանն իրավասու է միայն այս ժամկետում արգելել ներմուծումը: Իսկ թե ինչ կլինի հետագայում, կորոշվի ավելի ուշ:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքով` բազմաթիվ ծանոթներ ունի, ովքեր աջակողմյան ղեկով մեքենա են գնել, սակայն ունի նաև ծանոթներ, ովքեր երդվել են` երբեք այդ մեքենաները չնստել: Եսայանն ինքն էլ չի նստում աջակողմյան ղեկով մեքենաները, քանի որ դրանք սարսափելի է համարում: «Պետք է հետ գնանք ու հասկանանք` երբ և ինչպես թույլատրեցինք, որպեսզի Հայաստան ներմուծվեն աջակողմյան ղեկով մեքենաներ, և պետք է մեկ-երկուսին պատժենք, ովքեր թույլատրել են ներմուծել այդ մեքենաները Հայաստան: Բավական է` ինչքան սխալներ ենք անում ու հետո նոր սկսում ուղղել դրանք: Ես կողմ եմ նախագծին և կարծում եմ` բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն աջ ղեկով մեքենաներ, հիմիկվանից սկսեն կուտակումներ անել, որպեսզի կարողանան տեղափոխել ղեկը»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «կրեատիվ» որակելով Եսայանի ելույթը, նշեց, որ շատ դեպքերում ինչ-որ քայլ անում են, և հետո է երևում` ճիշտ է, թե սխալ արվածը:

Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Գրիգորյանը քննարկման վերջում հավելեց, որ հաշվի կառնեն հնչած բոլոր առաջարկությունները: