Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցով հանդես եկավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ նախագծի համաձայն` կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից և 17 նախարարից։
Հարությունյանի խոսքով` վարչապետը կարող է զրկվել իր լիազորությունները կատարելուց, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված` անհամատեղելիության պահանջներ է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի։
«Ամրագրվել են աշխատակազմի վերաբերյալ դրույթներ։ Փոխվարչապետերին սպասարկելու է համապատասխան գրասենյակը», - հայտնեց Հարությունյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ հստակեցվել է նաև կառավարությանը, նախարարություներին և վարչապետին ենթակա մարմինների շրջանակը, որտեղ ևս երեք նոր մարմիններ են ներառվել՝ պետական արարողակարգի, պետական վերահսկողության և պետական պահպանության ծառայությունները։
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախարարից հետաքրքրվեց` ի՞նչ հիմնավորմամբ են որոշել, որ նիստերը պետք է դռնփակ անցկացվեն։ «Ի սեր Աստծո, մի' ասեք, թե դա ժողովրդավարության կամ բանավեճ ապահովելու համար է։ Նույն տրամաբանությամբ` ԱԺ նիստերը կարող ենք փակել»,- հայտարարեց պատգամավորը:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ էական տարբերություն կա օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև: Ըստ նրա` օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով։ «Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու որոշումը։ Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարական տարր է»,- ասաց նախարարը` կրկին պնդելով, որ դռնփակ նիստերի ժամանակ բանավեճերը հնարավոր կդառնան։
Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց` ի՞նչ տրամաբանությամբ է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանվել, իսկ Սփյուռքի նախարարությունը` մնացել: «Արդյո՞ք արտաքին քաղաքականության հարցում Սփյուռքի նախարարության դերն ավելի մեծ է»,- հարցրեց նա:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այդ որոշումը կապված է քաղաքական նպատակահարմարության հետ, քանի որ կառավարությունն իր աշխատանքն ավելի արդյունավետ է համարում այդ եղանակով: «Իհարկե, Սփյուռքի նախարարությունը կարելի է նաև միավորել, բայց այս պահին կառուցվածքային հենց այս մոդելն է նպատակահարմար»,- եզրափակեց նախարարը։