Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ, կառավարության նիստերի դռնփակ լինելով, դրա գործունեության թափանցիկությունը չի վերանա։ Նման հայտարարություն նա արեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Կառավարության որոշումները պետք է հրապարակվեն, մենք միանշանակ դա անում ենք։ Մենք առաջարկում ենք կառավարությունում բուն հարցի քննարկումը միայն դռնփակ դարձնել, հակառակ պարագայում քննարկում տեղի չի ունենում», - ասաց նախարարը։
Նա պնդեց, որ դռնփակ նիստերը նաև կնպաստեն բանավեճերի ծավալմանը և չեն կաշկանդի կարծիքներ արտահայտելը։ «Վեճերը դուրս են գալիս կառավարության նիստից, հենց այդ պատճառով մարդիկ կաշկանդվում են իրենց վեճերը ներկայացնել հրապարակավ»,- ասաց Հարությունյանը։
Նախարարը նաև նշեց, որ երբ կառավարության նիստերը դռնփակ էին, դրանք ընթանում էին 4-6 ժամ, իսկ հիմա առավելագույնը 1 ժամ են տևում: Հարությունյանը համարում է, որ դա լրատվամիջոցների ներկայության պատճառով է, որոնք բուն խնդրից հեռանում են՝ շեշտը դնելով սենսացիոն հայտարարությունների վրա։ «Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկենք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկի առջև»,- ասաց նա։
Նախարարի խոսքով` կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկ արվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն նա, ի տարբերություն ներկայիս վարչապետի, հրաժարվել է։ «Հովիկ Աբրահամյանը մտահոգ էր, որ հասարակությունն ու լրատվամիջոցները չեն ընկալի սա»,- նշեց Հարությունյանը: