կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-25 12:30
Քաղաքական

Սերժ Սարգսյանի մեսիջները

Սերժ Սարգսյանի մեսիջները

ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` վերջին օրերի ամենակարևոր իրադարձությունը Սերժ Սարգսյանի պաշտոնական այցն էր Ֆրանսիա, հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ, ԵԽԽՎ-ում նախագահի հանդիպումները և ելույթը:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Եվս մեկ անգամ վերահաստատվեց, որ ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է դիվերսիֆիկացված քաղաքականություն: Նախագահը նշեց, որ թեև մենք ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ ենք, բայց կարողացել ենք կապ պահպանել Եվրոպայի, մասնավորապես` Ֆրանսիայի հետ, և այսօր հայ-ֆրանսիական հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են: Թե' նախագահ Սարգսյանը, թե' Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հստակ նշեցին, որ ամեն ինչ անելու են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման համար»:

Շարմազանովը  կարևորեց այն փաստը, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, Մակրոնն էլ այդ առումով հստակ նշեց, որ մշտապես լինելու է Հայաստանի կողքին:

Նա առանձնացրեց նաև այն, որ Արցախյան հիմնահարցի կապակցությամբ ՀՀ նախագահը ևս մեկ անգամ ուղիղ նշել է, որ Արցախի պայքարը ազատության և մարդու իրավունքների պայքար է, որ հայկական կողմերը խնդրի` բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:

«Ֆրանսիայի նախագահն էլ նշել է, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, կոնկրետ քայլերով, իսկ այդ կոնկրետ քայլերը Ժնևի, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումնենէ, որն էլ տորբեդահարում է Ադրբեջանը, այլ ոչ թե հայկական կողմերը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի կարծիքով` Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ ելույթից երևաց շոշափելի արդյունքը, մինչդեռ շատ է խոսվում, թե ՀՀ քաղաքացին արդյունք չի զգում: «2008-ին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ընտրվել նախագահ, Հայաստանում ներքաղաքական, ժողովրդավարական խնդիրներն անհանգստացողն էին: Այն ժամանակ տարբեր բանաձևեր էին ընդունվում ԵԽԽՎ-ում, վտանգ կար որ ՀՀ-ն կենթարկվի պատժամիջոցների, իսկ այսօր որևէ մեկը հարց չտվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, իսկ սա քաղաքական կամքի և քաղաքական գծի իրականացման հետևանք է»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով` նախագահը Ստրասբուրգում մի շարք կարևոր սկզբունքներ նշեց: «Հայաստանը Եվրոպա է արժեքային համակարգով, ինչը նշանակում է ժողովրդավարական արժեքների դավանում, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար, համամարդկային ու քրիստոնեական արժեքների պահպանում: Եվ մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով: Տարիները ցույց են տվել, որ սրանք ոչ միայն խոսքեր են, այլև կատարված աշխատանք»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալը:

Հաջորդ կարևոր սկզբունքը, որ նշել է նախագահը, ըստ Շարմազանովի, պատմական-իրավական հիմքերը հիշեցնելն էր` Արցախի ժողովրդի բնատուր ինքնորոշման իրավունքին Ադրբեջանի ղեկավարությունը պատասխանեց Սումգայիթյան ջարդերով: «Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին կարևոր էր դրա մասին խոսելը, որ անթույլատրելի է հավասարության նշան դնել Արցախի քաղաքացիների, որոնք պայքարում են ազատ, անկախ ապրելու իրավունքի համար, և Ադրբեջանի միջև, որը պատասխանեց բարբարոսությամբ Սումգայիթում»,- նշեց նա:

Ըստ Շարմազանովի` նախագահի հաջորդ կարևոր մեսիջն ուղղված էր հայ-թուրքական արձանագրություններին` այսպես ասած, ֆուտբոլային քաղաքականությանը: «Հայաստանը բոլոր հարևաների հետ առանց նախապայմանների բանակցելու կողմնակից է, մշտապես քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում հավասարության հասնելու համար, սակայն հայ-թուրքական հարաբերություններում չենք անի քայլ, որը բերելու է միակողմանի զիջման: Նախագահն էլ շեշտեց, որ մենք իրատես ենք, լուսնից չենք իջել, գիտենք, որ Թուրքիան հզոր պետություն է, բայց որևէ պետության իրավունք տրված չէ Հայաստանի հետ խոսելու զիջումների լեզվով: Ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիայի Հանրապետության ղեկավարները չորս օրում հինգ հայտարարության արեցին, որով սատարում էին Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության»,- եզրափակեց նա: