կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 18:11
Առանց Կատեգորիա

Սերժ Սարգսյանի հարցազրույցի 5 մեսիջները

Սերժ Սարգսյանի հարցազրույցի 5 մեսիջները

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ավարտից երկու օր առաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, փաստորեն, վերջակետ դրեց «Այո»-ի քարոզարշավին` հարցազրույց տալով հեռուստաընկերությունների մի խումբ լրագրողների, հնարավորինս հստակեցնելով իր դիրքորոշումներն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ և ներկայացնելով այս նախաձեռնությամբ հանդես գալու իր շարժառիթները: Հարցազրույցը ծավալուն է, տարողունակ: Չնայած դրան` հնարավորություն է տալիս կատարելու նախնական որոշ ընդհանրացումներ:

1. Սերժ Սարգսյանը փաստացի փարատեց կասկածներն առ այն, որ ինքը,  սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելով հանդերձ, դրանց կողմնակիցը չէ: Այդ կասկածներն ամրապնդել էին քաղաքական մեծամասնությունը ներկայացնող` «Այո»-ի այն քարոզիչները, որոնք գրեթե ամեն օր պնդում էին, թե իրենց համար հանրաքվեով նոր Սահմանադրության նախագծի ընդունումը կենաց-մահու հարց չէ, և նախագահն ինքը անցած 2 տարվա ընթացքում առնվազն երկու անգամ հայտարարեց, որ կիսանախագահական կառավարման համակարգի կողմնակից է: Սա թույլ էր տալիս ենթադրելու, որ, շրջանառության մեջ դնելով կեղծ կամ առնվազն անհասկանալի օրակարգ, ավելի շատ շահագրգռված կարող է լինել նախագծի տապալման, քան ընդունման հարցում: Այդ կասկածները նախագահը փարատեց` հերթականությամբ ներկայացնելով տնտեսական, քաղաքական ու ռազմական անվտանգության ոլորտներում բոլոր այն ռիսկերը, որոնք, իր կարծիքով, պարունակում է գործող Սահմանադրությունը նախագահի և խորհրդարանական մեծամասնության միջև հակասությունների կամ նրանց` քաղաքական տարբեր բևեռներ ներկայացնելու պարագայում:

2. Սերժ Սարգսյանը հասարակությանը փաստացի կանգնեցրեց երկընտրանքի առջև:  Նա հասկացրեց, որ, իշխանությունը պահպանելու տեսանկյունից, անձամբ իր համար ավելի նախընտրելի էր կա\'մ գործող կառավարման կիսանախագահական համակարգը, կա\'մ նախագահական համակարգը, որոնք ստվերային իշխանություն իրացնելու ավելի լայն հնարավորությունններ են տալիս: Իսկ ստվերային իշխանության հնարավորությունը տրվում է «ժամանակավոր նախագահի»` պուտին-մեդվեդևյան մեխանիզմի կիրառման միջոցով: «Ես էլ ասում եմ՝ ա՛յ ժողովուրդ, այսօրվա Սահմանադրությունը դրա հնարավորությունը լիուլի ընձեռում է... Ես պատասխանատու հայտարարում եմ՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն նախագահի 3 թեկնածու, որոնցից և ընտրելու ենք մեր հիմնական թեկնածուին»,- բաց տեքստով ասել է Սարգսյանը` վերահաստատելով նախօրեին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի արած պնդումները: Հիշեցնենք, որ վերջինս ասել էր. «Սերժ Սարգսյանը գործող համակարգի դեպքում չի կարող վերընտրվել երկրի նախագահ, բայց եթե ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն ստանա, նա հանգիստ կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ իր ձեռքում կենտրոնացնել գործադիր իշխանության բոլոր լծակները»:

Իշխանության առաջարկած երկընտրանքը հետևյալն է` կա\'մ մերժում եք նոր Սահմանադրության նախագիծը և համակերպվում գործող իշխանության վերարտադրության անխուսափելի հեռանկարի հետ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է հասարակության վրա, կա\'մ Սահմանադրության առաջարկվող տարբերակն ընդունվում է, և մեխանիզմ է ստեղծվում իշխանությունից իր սահուն հեռացման և, առհասարակ, սահուն իշխանափոխության համար: Որքան էլ այս միտքը հնչում է որպես սպառնալիք, սակայն ասվում է այն, ինչ կա:

3. Հանրաքվեի դրված նախագծով առաջարկվող պառլամենտական համակարգով իր վերարտադրության հնարավորությունը Սարգսյանը բացառում է` անելով մի քանի շատ թափանցիկ ակնարկներ: Նախ` նա հայտարարել է, թե չի պատրաստվում նույնիսկ կես օր պակաս աշխատել: «Ես աշխատելու եմ մինչև 2018 թվականը՝ ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա վարչապետ, նախագահ և այլն»: Սրանով Սերժ Սարգսյանը բացառել է ակտիվորեն քննարկվող այն տարբերակը, թե սահմանադրական հանրաքվեից հետո` 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին, նա կարող է հրաժարական տալ նախագահի պաշտոնից, գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը և, ԱԺ-ում մեծամասնություն կազմելով, ստանձնել վարչապետի պաշտոնը: Ճիշտ է` Սահմանադրության նախագծի ընդունման դեպքում Սերժ Սարգսյանը տեսականորեն վարչապետ կարող է դառնալ նաև նախագահական իր ժամկետը սպառելուց ու ԱԺ-ի կողմից ՀՀ նոր նախագահ ընտրվելուց հետո, երբ, համաձայն ընդունվելիք Սահմանադրության 212-րդ հոդվածի, կառավարությունը հրաժարական կտա, և ԱԺ մեծամասնությունը գործնական հնարավորություն կունենա նրան ներկայացնելու` որպես նոր վարչապետի: Սակայն այս տարբերակը քիչ հավանական է: Հեռուստալրագրողներին տված հարցազրույցում Սարգսյանը  հավաստիացրել է, որ ինքը չի հրաժարվում նոր Սահմանադրության ընդունման դեպքում թե\' ՀՀ նախագահի, թե\' վարչապետի և թե\' ԱԺ նախագահի պաշտոնները չստանձնելու իր հայտարարություններից:

4. Նախագահը նշել է, թե իր քաղաքական ապագայի հարցը պատրաստ է քննարկել միայն 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո` փաստացի ո\'չ բացառելով ու ո\'չ էլ հաստատելով իշխանության մեջ իր մնալու մտադրությունը: Թվում է, թե սա ակնհայտ նահանջ է ղեկավար երեք պաշտոնների հանդեպ հավակնություններից հրաժարվելու մասին` իր վերոնշյալ հայտարարությունից, մանավանդ` եթե նկատի ունենանք մինչև այժմ բազմիցս խոստումներ տալու և չկատարելու` գործող իշխանությունների բնավորությունը: Սակայն իրականում դա ընդամենը քարոզչական հնարք է  թվում` մի կողմից մինչև խորհրդարանական ընտրություններ քաղաքական ինտրիգը պահպանելու համար, մյուս կողմից` մոտիվացնելու հասարակությանը` գնալ հանրաքվեին և այդ հեռանկարից  խուսափելու համար կողմ քվեարկել առաջարկվող նախագծին:

Ամեն դեպքում իր քաղաքական ճակատագրի հարցը միանշանակ կապելով 2017թ. խորհրդարանական ընտրությունների ելքի հետ` Սերժ Սարգսյանը մի կողմից փորձում է այն հեռու պահել սահմանադրական հանրաքվեի շարժառիթներից, մյուս կողմից, սակայն, այսպես, թե այնպես, մատնում է, որ դրանք ուղղակի կապ ունեն, որովհետև նախագծի ընդունման դեպքում հենց 2017թ. ընտրություններով, այլ ոչ թե 2018-ին նախագահության իր ժամկետը սպառելով է որոշվելու հաջորդ իշխանության ներկապնակն ու քաղաքական ուժերի դասավորվածությունը:

5. Նախագահը փաստացի հաստատեց, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություններն ուղղակի կապ ունեն Հայաստանն օղակող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների հետ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է տարածքային ամողջականության և վերազգային կազմակերպություններին միանալու հարցերը հանրաքվեով որոշելու` Սահմանադրության նախագծով առաջարկվող լուծմանը: Ընդ որում` Սերժ Սարգսյանը այս առումով ևս խոսում է սպասելիից ավելի բաց տեքստով. «Դա (վերոնշյալ դրույթը-հեղ.) գրել ենք Սահմանադրության մեջ, որպեսզի ... որևէ մեկը չասի, որ այս իշխանությունները, այս ղարաբաղցիները ուզում են մեր Մեղրին տալ, իրենց Ղարաբաղը բերել Հայաստան: ...Բոլորդ պետք է հիշեք, թե 2000թ. սկզբներին ինչում էին մեղադրում իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցությունների հետ կապված, հիշո՞ւմ եք՝ նույնիսկ հոկտեմբերի 27-ը կապում էին Մեղրին Ղարաբաղով փոխելու հետ»: Սա նշանակում է, որ խնդիր է դրվել մեկընդմիշտ փակել ԼՂ հարցը տարածքների փոխանակման սխեմայով լուծելու թեման, իսկ դրա պարտադրման դեպքում` այն թողնել բացառապես հայ ժողովրդի որոշմանը: 

Գևորգ Դարբինյան