Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանի առաջին հայտարարություններն ուշագրավ աժիոտաժ են հարուցել, առաջին հերթին` դրանց ոչ միանշանակ լինելու և պարունակած տողատակերի պատճառով:
ՀՀԿ ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին «տնտեսական կայունության, երկիրը արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունների հնարավոր հետևանք հանդիսացող ցնցումներից զերծ պահելու, իրականացվող քաղաքականության արդյունքում շատ երկրների համար նախանձելի տնտեսական ցուցանիշներ արձանագրելու համար»: Միևնույն ժամանակ, Աբրահամյանի հեռացումն անուղղակիորեն բացատրելով բարեփոխումների նոր փուլի պատասխանատվությունը կրելու անկարողությամբ՝ նա նոր վարչապետից հիմնական ակնկալիքը համարել էր վստահություն ներշնչող փոփոխությունների ալիքն առաջ տանելը՝ շեշտելով դրանց արդյունավետությունն ու արագությունը: «Կարևորը տեմպն է, արագությունը և արդյունավետությունը»,- ասել էր նախագահը:
Երեկ, սակայն, ԱԺ-ում նորանշանակ վարչապետը հասկանալի դարձրեց, որ, մեղմ ասած, իր վրա դրվող պատասխանատվության բեռն ավելի մեծ է, քան թույլ է տալիս առկա իրականությունը: ԱԺ ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում նրա արած հայտարարություններից նախ պարզվեց, որ նախորդ կառավարության ջանքերով ապահովված տնտեսական նախանձելի ցուցանիշների տակ իրականում ունենք «ծանր, շատ ծանր» վիճակում գտնվող տնտեսություն: Պարզվեց նաև, որ նոր վարչապետը նման վիճակում գտնվող տնտեսություն ժառանգելու պարագայում չի կարող ապահովել արագ փոփոխություններ:
Կարապետյանի այս «բացահայտումները», իրերն իրենց անունով կոչելը, իհարկե, առաջին հերթին խոսում է հասարակության հետ անկեղծ և, ամենակարևորը, առանց աչքակապության հաղորդակցվելու ձգտման մասին: Սակայն չի կարելի չնկատել դրա տակ թաքնված ինքնապաշտպանության մղումը: Եթե Կարապետյանը ելակետային համարեր բարձր ցուցանիշներով տնտեսություն ունենալու այն պատկերը, որը ներկայացնում է քաղաքական իշխանությունը, ապա, ուզեր, թե չուզեր, կիսելու էր պատասխանատվությունը տնտեսության իրական վիճակի չփոփոխման համար: Մինչդեռ` այս կերպ նա փորձում է հասկացնել, որ չի պատրաստվում դա անել և չի պատրաստվում կարճաժամկետ հեռանկարում վերածվել հնարավոր քավության նոխազի:
Նրա ասելիքը շատ պարզ է՝ վիճակն այնքան վատ է, որ որևէ շուտափույթ փոփոխություն, արագ, շոշափելի արդյունք տալ չի կարող: Կարապետյանի այս դիրքավորումը լիովին հասկանալի է: Նոր կառավարությունը, իրավական տեսանկյունից, ունի գործունեության ընդամենը մի քանի ամսվա ժամկետ, որից հետո Կարապետյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարելու հարցը կախված է լինելու ոչ միայն նոր խորհրդարանում հաստատվելիք ուժերի հարաբերակցությունից, այլ նաև քաղաքական շախմատի տախտակի առջև նստած նախագահի քաղաքական հաշվարկներից ու քայլերից:
Որպես ինքնապաշտպանության միջոց` նորանշանակ վարչապետը չի խորշում քննադատել նախորդ կառավարությանը կամ կառավարություններին ՝ չնայած ՀՀԿ ԳՄ վերջին նիստում նախագահ Սարգսյանի՝ դրանից զերծ մնալու հորդորներին: Կարապետյանը բաց տեքստով փաստացի ասաց, որ Հայաստանում չեն գործում տնտեսավարման հավասար պայմաններ, խաղի հավասար կանոններ, որ հնարավոր չէ խոսել տնտեսության առողջացման մասին՝ առանց ստվերի դեմ պայքարելու: Բացի այդ` շատ ավելի խորքային, ենթատեքստային ակնարկներ պարունակող հայտարարություն արեց` որ հետայսու որևէ «հաջողակ» գործարարից նրա բիզնեսները չեն խլվելու: Ըստ էության՝ Կարապետյանը մատնացույց արեց այն ամենացավոտ խնդիրները, որոնց մասին նախկին կառավարությունները խոսել չէին ցանկանում: Այս իմաստով նա, թերևս, միտումնավոր չխոսեց նաև տնտեսության ծանր վիճակի մեջ լինելու այն օբյեկտիվ պատճառների մասին, որոնց սիրում էր հղում կատարել նախկին վարչապետը: Նոր վարչապետն, ամենայն հավանականությամբ, փորձում է հասկացնել, որ դրա սուբյեկտիվ, ներքին պատճառները գուցե պակաս կարևոր չեն եղել, քան արտաքին գործոնները:
Կարապետյանի այս քննադատությունները, սակայն, պետք չէ ընկալել որպես ՀՀԿ-ին հասցված ապտակ, թեև արդեն իսկ նկատելի է, թե ինչպիսի տարակուսանք են դրանք առաջացրել իշխանության կաբինետներում: Ըստ ամենայնի՝ նա փորձում է քաշել այն գիծը, զրոյական այն վիճակը, որտեղից պետք է սկսի: Ուզում է ցույց տալ այն լրջագույն մարտահրավերները, որոնց հետ պետք է գործ ունենա` իբրև վարչապետ, և որոնց չհաղթահարումը ոչ միայն դանդաղեցնելու, այլև հերթական անգամ արգելակելու է բարեփոխումները, եթե դրանց հաղթահարման ուղղությամբ, իր և իր կառավարության կրեատիվ մոտեցումներից բացի, չցուցաբերվի անհրաժեշտ քաղաքական կամքը: Եվ այս տեսանկյունից` Կարապետյանն ինքն իրեն, հանրային ընկալման առումով, դնում է դոնքիշոտյան ասպետ կամ հայաստանյան «սուպերմեն» դառնալու երկընտրանքի առջև:
Վարչապետի պաշտոնում Կարապետյանի տված առաջին հանձնարարականները՝ կապված գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը վերանայելու և տնտեսվարողներին, հատկապես` ՓՄՁ-ների համար ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից խոչընդոտներ չստեղծելու վերաբերյալ, բնույթով ոչ միայն, այսպես ասած,հեղափոխական կամ նորարարական չէին, այլև ինչ-որ իմաստով նույնիսկ` ավանդական: Դրանցից են սկսում գրեթե բոլոր նոր վարչապետերը: Սակայն պետք է ենթադրել, որ տրված հանձնարարականները և, առհասարակ, այն ոճը, որով նա տվեց այդ հանձնարարականները և սկսեց կառավարության նիստը, ուղղված են երկու տակտիկական խնդրի լուծման: Առաջին՝ հենց սկզբից ցույց տալ՝ ով է իրադրության տերը, ցույց տալ, որ տրամադրված է վճռական: Երկրորդ՝ որ կարծես չի պատրաստվում գործել կառավարության կաբինետում առկա պորտֆելների հարաբերակցության պայմաններում, և այստեղ նոր վերաձեւումներ են լինելու: Դրա մասին էր վկայում առաջին հերթին ՊԵԿ-ին տրված` իրավամբ տարօրինակ հանձնարարականը: Եթե փորձենք ավելի պարզ ձևակերպել, ապա նորանշանակ վարչապետը, ըստ էության, ՊԵԿ-ին հանձնարարում է գործել ըստ օրենքի... Դա հասկանալի կարող է լինել մեկ դեպքում` եթե վարչապետը համարում է, որ հարկահավաքման համակարգը մինչ այս գործել է բոլորովին այլ կանոններով, և եթե փորձում է հասկացնել, որ չի պատրաստվում համակերպվել ո\'չ այդ կանոնների, ո\'չ էլ դրանով առաջնորդվողների գոյության հետ: Սա ՊԵԿ-ում կադրային փոփոխությունների գնալու` գրեթե անթաքույց ակնարկ էր:
Գևորգ Դարբինյան