Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունը «Ելք»-ի նախաձեռնած` հունվարի 19-ին սպասվող երթն է ընդդեմ թանկացումների. ԱԺ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունենք, որ այդ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա։ Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից, որովհետև, ըստ էության, Հանրապետական մեծամասնությունը որդեգրում է դիրքորշում, որ ՀՀ քաղաքացիները ըմբռնումով են վերաբերվում թանկացումներին և դրանով քարտ բլանշ են տվել իշխանություններին` այդ բոլոր պրոցեսներն իրականացնելու և անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու համար»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով` հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով` թանկացումների նոր ծավալ է լինելու, այդ պատճառով էլ իրենք առաջարկում են կանխել թանկացումները` օրենքում փոփոխություններ կատարելով և հարկերը նախկին մակարդակին թողնելով։
«Մենք կարող էինք ուղղակի հարկային օրենսգրքի նախագիծ դնել շրջանառության մեջ, բայց դուք տեսաք, որ այսօր առավոտյան հարկային օրենսգրքի երկու նախագծեր խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվեց օրակարգում ընդգրկել, հետևաբար` դրա լուծումը հնարավոր է ճնշում ապահովելով, և մենք հրավիրում ենք հանրությանը` անել դա»,- նշեց Փաշինյանը։
Հարցին` արդյո՞ք երթը կարող է սցենար փոխել, և եթե դրան շատ մարդ միանա, իշխանափոխության պահանջ կդնե՞ն, պատգամավորը պատասխանեց, որ գործում են իրենց տրված մանդատի շրջանակներում։ «Ես չեմ ուզում մեր կողմից ասվածն անհամեստ հնչի, բայց, այո, «Ելք»-ն այն քաղաքական ուժն է, որն ունի և' մանդատ, և' ժողովրդին առաջանորդելու բարոյական ու քաղաքական իրավունք, բայց այն դեպքում, եթե ժողովուրդը դա ցանկանա»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ եթե տասնյակհազարավոր մարդիկ միանան իրենց կոչին, ապա ԱԺ-ն չի կարող անտեսել պահանջը։ «Եթե տասնյակհազարավոր ժողովուրդ պահանջի դա, ապա մենք այդ ժողովրդի անունից կգանք ԱԺ և պարտավորություն կստանձնենք, որ հարկային օրենսգրքում արվեն փոփոխություններ, որոնցով թանկացումները կկանխվեն։ Կարող եմ երաշխավորել, որ այդ դեպքում փոփոխություններ հարկային օրենսգրքում տեղի կունենան, այլապես այդպիսի պահանջն արհամարհելը կբերի քաղաքական իրավիճակի փոփոխության»,- նշեց նա։