կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-11 16:31
Հասարակություն

Գրիպի պիկը սկսվել է. հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են

Գրիպի պիկը սկսվել է. հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են

Ներկայումս հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծամասնությունը 0-4 տարեկան երեխաներ են:

Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք իրականացնում են օրական մշտադիտարկում, և այս օրերին գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների աշխուժացում է նկատվում:

Այժմ, ըստ նրա, Հայաստանում շրջանառում են տարբեր վիրուսներ` և՛ գրիպի, և՛ շնչառական այլ վարակների: «Մեծ մասամբ հիվանդացության աճ է նկատվում 0-4 տարեկան երեխաների շրջանում, հատկապես՝ 0-2 տարեկանների մոտ: Երեխաների մոտ առկա են շնչառական վարակներ, վիրուսային ծագման թոքաբորբեր: Վերակենդանացման բաժանմունքներում էլ ունենք հիվանդներ, բայց նրանք ծայրահեղ ծանր վիճակում չեն»,- ասաց Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ վերջին օրերին պոլիկլինիկաներ դիմելիությունն ավելացել է, թեև տոնական օրերին էլ են աշխատել պոլիկլինիկաները: Չնայած դրան, Թորոսյանի խոսքով, մանկական ստացիոնարները գերծանրաբեռնված են: «Տոնական օրերին ծանրաբեռնվածությունն ընկել է ստացիոնարների վրա, այսինքն` բնակչությունն ավելի շատ դիմել է ստացիոնար բժշկական օգնության: Հիմա արդեն նկատվում է աշխուժացում նաև դեպի պոլիկլինիկաներ, և ստացոնարների բեռը մի փոքր կթեթևանա: Երևանում հիվանդացության դեպքերն ավելի շատ են, քան մարզերում.  քաղաքում շփումները շատ են, նաև մարդկանց թվաքանակով է պայմանավորված»,- ասաց նա:

Թորոսյանի հավաստմամբ՝ նման իրավիճակ կանխատեսվում էր, և հանրապետությունում համաճարակ չկա, ուղղակի շնչառական հիվանդությունների սեզոնային բարձրացում է նկատվել:

Հարցին, թե Ամանորի նախօրեին Թորոսյանը նշել էր, որ շնչառական հիվանդությունների պիկը կսկսվի փետրվարին, սակայն, հաշվի առնելով ներկա իրավիճակը, կարո՞ղ ենք ասել, որ պիկը սկսվել է, նա պատասխանեց. «Այո, պիկը սկսված է, մի փոքր ավելի շուտ սկսվեց, քանի որ Ամանորի օրերը խանգարեցին մեզ: Չնայած մեր հորդորներին, որ տոնական օրերին, եթե  հիվանդ են, պետք չէ հյուր գնալ, այլ պետք է շփումները սահմանափակել, բնականաբար, բոլորը չէ, որ լսեցին մեզ: Հաշվի առնելով նաև ցուրտը՝ կարող ենք ասել, որ գրիպի տարածման համար ունենք բոլոր նպաստավոր պայմանները: Մյուս կողմից` ամեն ինչ արվում է, որպեսզի իրավիճակը չբարդանա և լինի վերահսկելի»: 

Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ մշտադիտարկում է արվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում, և իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Օրական կտրվածքով մշտադիտարկումը կշարունակվի:

Թորոսյանը հորդորում է ծնողներին՝ նվազագույնի հասցնել շփումները վիրուսակիր մարդկանց հետ, քանի որ այս հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: «Մեծահասակը, թեթև անցկացնելով հիվանդությունը, կարող է իրեն հիվանդ չհամարել, բայց վարակի աղբյուր լինել փոքրիկի համար: Բացի այդ՝ եթե երեխան հիվանդ է, չպետք է այցելի մանկապարտեզ կամ դպրոց»,- նշեց նա:

Թորոսյանն ասաց նաև, որ առողջապահության նախարարությունը սկսել է կանխարգելիչ պատվաստումները, և բոլոր խոցելի խմբերին պետպատվերի շրջանակներում անվճար պատվաստում են գրիպի դեմ: «Խուճապի համար որևէ պատճառ չկա: Իրավիճակը վերահսկելի է, ամեն ինչ նորմայի սահմաններում է: Պետք է զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից»,- հավելեց նա:

Նշենք, որ սուր շնչառական վարակները սովորաբար ակտիվանում են հոկտեմբերի երկրորդ կեսից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում: