կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-14 12:14
Հասարակություն

Նկատվում է սուր շնչառական վարակների աշխուժացում. պիկը սպասվում է փետրվարին

Նկատվում է սուր շնչառական վարակների աշխուժացում. պիկը սպասվում է փետրվարին

Սուր շնչառական վարակների հիվանդացության առումով հանրապետությունում իրավիճակը նորմայի սահմաններում է. այսօր լրագրողներին հայտնեց առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նա նշեց, որ սուր շնչառական վարակները սովորաբար ակտիվանում են հոկտեմբերի երկրորդ կեսից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում: «Իհարկե, այս շրջանում նկատվում է սուր շնչառական վարակների աշխուժացում, սակայն այս տարի, նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ, հինգ անգամ նվազել են հիվանդացության դեպքերը: Հիվանդացությունն ամենաշատը 0-5 տարեկանների շրջանում է առկա: Պետք է փաստեմ, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքներում հետգրիպային բարդություններով որևէ հիվանդ չունենք»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ, նախորդ շաբաթվա համեմատ, այս շաբաթ ավելացել են գրիպով հիվանդացության դեպքերը:

Ըստ նրա՝ այս պահին հանրապետությունում առկա է գրիպի B և AH¹ ենթատեսակը: Թորոսյանի խոսքով՝ հիվանդացության պիկը սպասվում է փետրվար ամսին:

«Շնչառական վարակները գլուխ են բարձրացնում շփումների միջոցով, ուստի խորհուրդ եմ տալիս Ամանորի օրերին, եթե հիվանդ եք, հյուր չգնալ՝ վատացնելով ձեր վիճակն ու ուրիշներին էլ վարակելով: Գրիպով հիվանդացության և առողջացման պարագայում շատ բան կախված է մեզնից. անհրաժեշտ է վարակով նախ չգնալ դասի կամ աշխատանքի, իսկ հետո անպայման դիմել բժշկի, այլ ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել: Գրիպի ժամանակ հակաբիոտիկները ձեզ չեն օգնի, դրանք կարելի է կիրառել միայն բժշկի նշանակմամբ»,- ասաց Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ սուր շնչառական վարակների դեմ առաջին կանխարգելիչ միջոցը շփման սահմանափակումն է:

Թորոսյանը տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունը սկսել է կանխարգելիչ պատվաստումները, և բոլոր խոցելի խմբերին պետպատվերի շրջանակներում անվճար պատվաստում են գրիպի դեմ: Նա հորդորեց՝ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ խոցելի խմբին է պատկանում, թող անպայման գնա պոլիկլինիկա՝ պատվաստվելու: