կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-27 22:40
Տնտեսական

Տրամադրելու ենք 800 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկա.Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ

Տրամադրելու ենք 800 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկա.Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ

   Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է 2017 թվականին Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, ինչպես նաև ներկայացրել առաջիկա անելիքներն ու նոր նախաձեռնությունները:

 Մասնավորապես, Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ հիմնադրամում ավարտվել են կառուցվածքային փոփոխությունները և աշխատակիցների համալրման գործընթացը:

 Անդրադառնալով 2018 թվականի ծրագրերին` հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ 2017 թվականի ընթացքում մշակվել է «Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման ուղեցույց»-ը, որի շնորհիվ տասը մարզային կառույցների աշխատանքն ուղղված կլինի մեկ միասնական գաղափարի իրականացմանը: Հիմնադրամի կողմից արդեն կազմակերպվել է ավելի քան 40 խմբային դասընթաց, որին մասնակցել է ավելի քան 530 ֆերմեր: Մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկերի ծրագրից օգտվելու համար կազմակերպվել է հավաստագրերի տրամադրման 204 դասընթաց, որին մասնակցել է 5 105 ֆերմեր, 4700–ը արդեն հավաստագրվել է:

 Բացի այդ, Հիմնադրամի կողմից պատրաստվել է ավելի քան 20 տեսանյութ, որոնցում ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները, այդ թվում` կաթիլային ոռոգման համակարգերը, կարկտապաշտպան ցանցերը, ինտենսիվ այգիները, ինչպես նաև խորհրդատվական նյութեր` գյուղացիական տնտեսությունների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

 Գեղամ Գևորգյանի խոսքով` Հիմնադրամը «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրով իրականացրել է  16 մոնիթորինգ: Գևորգյանը հավելել է, որ  2018 թվականին Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության(CARMAC II ) ծրագրով կկատարվի 2,5 մլրդ դրամի ներդրում:

 «Տրամադրելու ենք 800 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկա, կատարելու ենք  900 մլն դրամի ջրարբիացման  համակարգերի շինարարություն, և միայն 2018 թվականին ներդրվող գումարը  կհատի 2,5 մլրդ դրամի սահմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք կաթնատվության և գլխաքանակի առնվազն 20% աճ, 15-25 % նոր աշխատատեղերի ավելացում» – նշել է Գեղամ Գևորգյանը:

 Ասուլիսի ընթացքում նաև նշվել է, որ 2018 թվականից նախատեսվում է սկսել տեղական օրգանական /կենսաբանական պարարտանյութի արտադրություն` առնվազն 20 հազար հեկտարի համար: Ծրագրի նպատակն է փոխարինել ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության ավելի բարձրորակ օրգանական պարարտանյութով: