Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը ներկայացրել է «Թվային Հայաստան» հիմնադրամի 2017 թ. գործունեության հաշվետվությունը:
Զեկուցվել է 2017թ. գործունեության ծրագրով նախատեսված և իրականացված միջոցառումների մասին, որոնք ուղղված են եղել պետական կառավարման բոլոր ոլորտներում էլեկտրոնային համակարգերի զարգացմանը և թվային միջավայրի ձևավորմանը, այն է՝ պետական կառավարման ոլորտում առկա թվայնացման ռազմավարությունների գույքագրում, առկա ՏՀՏ ենթակառուցվածքների և էլեկտրոնային ծառայությունների զարգացման գործընթացներին աջակցություն, Թվային Օրակարգի մշակման գործընթացին մասնակցություն և այլն: Խորհուրդը քննարկել է կատարված աշխատանքները և ի գիտություն ընդունել հաշվետվությունը:
Կառավարության ղեկավարը «Թվային Հայաստան»-ի գործադիր տնօրենի ուշադրությունը հրավիրել է հիմնադրամի գերակայությունների և չափելի արդյունքների հստակ ձևակերպման անհրաժեշտության վրա՝ համապատասխան հանձնարարական տալով նրան:
Նիստում ներկայացվել է նաև «Թվային Հայաստան»-ի 2018 թ. գործունեության ծրագիրը, որով հիմնադրամը նպատակադրվում է իրականացնել գերակա ծրագրեր և միջոցառումներ հետևյալ ուղղություններով՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբերանվտանգություն, թվային հմտությունների զարգացում և մասնավոր հատվածի թվային փոխակերպում: Էդուարդ Ներսիսյանի խոսքով՝ ներկայացված քայլերը կնպաստեն թվային փոխակերպման գործընթացի արագ իրականացմանը և միջազգային ինդեքսներում Հայաստանի ցուցանիշների բարելավմանը: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվող փաստաթղթի վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է հետագա աշխատանքներում ներգրավել նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ բազմակողմանի քննարկում ապահովելու համար, լրամշակել փաստաթուղթը և վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն: