կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-05 19:58
Տնտեսական

Կառավարությունում քննարկվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության աշխատանքները

Կառավարությունում քննարկվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության հետագա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Մասնավորապես, վարչապետին զեկուցվել են ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքների բարելավման, ընկերությունների ներգավման նպատակով կատարվող քայլերը: Նշվել է, որ բանակցություններ են տարվում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մեկ տասնյակ նոր ընկերությունների հետ, որոնք շահագրգռված են մուտք գործել Մեղրի ԱՏԳ: Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական խնդիների կարգավորման և հողատարածքների ձեռքբերման գործընթացները: 

Վարչապետ Կարապետյանն ընդգծել է ազատ տնտեսական գոտու գործունեության, ենթակառուցվածքների և տարածքի ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարակականներ:

Պատասխանատուներին հանձնարարվել է էապես ակտիվացնել համագործակցությունը Իրանի «Արաս» ԱՏԳ-ի, ինչպես նաև իրանական համապատասխան մարմինների հետ՝ արտահանող-ներմուծող ընկերություն հիմնելու աշխատանքներին նոր թափ հաղորդելու նպատակով: 

Կարեն Կարապետյանին զեկուցվել է նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման ծրագրի աշխատանքների ընթացքը: Տեղեկացվել է, որ արդեն ապրիլի վերջին ավարտին կհասցվեն նախագծանախահաշվային աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է ընդլայնել մաքսակետի տարածքը, կառուցել նոր վարչական շենք իր ենթակառուցվածքներով, մաքսակետը համալրել ժամանակակից տեխնիկական միջոցներով: