կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-22 15:43
Մշակույթ

Ունենք ընդամենը 1 լուսանկար, որով առաջնորդվելը պրոֆեսիոնալ չէ. Օձունի եկեղեցու խնդիրը դեռ չի լուծվում

Ունենք ընդամենը 1 լուսանկար, որով առաջնորդվելը պրոֆեսիոնալ չէ. Օձունի եկեղեցու խնդիրը դեռ չի լուծվում

Օձունն այս փուլում ավարտված է համարվում, այնտեղ շարունակելու շատ բան ունենք, բայց չկա ֆինանսավորում և նախագիծ. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով Օձունի եկեղեցում տարվող աշխատանքներին:

Հիշեցնենք, որ նախարարն այս տարի այցելել էր Օձուն, և տեղի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը ներկայացրել էր, որ եկեղեցին արտաքին սրահների ամբողջացման խնդիր ունի: Նախարարը խոստացել էր ուսումնասիրել խնդիրը, իսկ ավելի ուշ, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, նշել, որ արտաքին սրահների ծածկերի` քարով վերականգնումը համարում են հնարավոր և արդյունավետ:

Մշակույթի նախարարից հետաքրքրվեցինք՝ արդեն կա՞ն տարբերակներ` ցանկությունը կյանքի կոչելու համար: Ամիրյանը նշեց, որ այս պահին չկան: «Ես ճարտարապետներին խնդրել եմ, որպեսզի զբաղվեն այդ հարցով: Խնդիրն այն է, որ մենք ունենք ընդամենը 1 լուսանկար, որով առաջնորդվելը պրոֆեսիոնալ չէ: Ճարտարապետները հիմա քննում են այդ հարցը, թե արդյո՞ք հնարավոր է ճարտարապետական նախագիծ ունենալ: Այս պահի դրությամբ չկա նախագիծ, չկա նաև ֆինանսավորւմ: Լինելու դեպքում անպայման անդրադառնալու ենք Օձունին, քանի որ տեր հոր բարձրացրած խնդիրը տրամաբանորեն ճիշտ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս հարցում խոսք ունեն ասելու նաև պրոֆեսիոնալները: 

Վրթանես քահանա Բաղալյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախկին վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանն է առաջարկել սրահների ամբողջականացումը, իսկ գիտամեթոդական խորհուրդը երկու անգամ կողմ է քվեարկել։

«Ներկայիս վերականգնող ճարտարպետն էլ է կողմ սրահների քարե թաղակապերի ամբողջականացմանը։ Արտաքին եռակողմ սրահների ամբողջականացմանը կողմ է նաև գիտխորհրդի անդամ` Մայր Աթոռի ճարտարապետական բաժնի աշխատակից Մերի Դանիելյանը։ Մասնագետների վրա պատասխանատվությունը գցելը նախարարի կողմից ազնիվ չէ և հետ քայլ է պայմանավորվածությունից։ Թող նախարարությունը նախագիծ և նախահաշիվ կազմի և ներկայացնի բարերարին։ Բարերարն ինքն է զանգահարել և իր ընկերների ու իր անունից պատրաստակամություն հայտնել ևս մեկ սրբավայրի վերականգնմամբ զբաղվել»,-ասաց տեր Վրթանեսը։

Նրա խոսքով՝  Օձունի և ենթաշրջանի ամբողջ բնակչությունը խորապես հիասթափված է: «Հավատացել էին մշակույթի նախարարի խոսքին, իսկ հիմա հայտնվել են կոտրած տաշտակի առջև»,- ասաց քահանան։ 

Օձունի հոգևոր հովիվը հույս հայտնեց, որ մշակութի նախարարությունը դեռևս մինչև գարուն իր տված խոստումին տեր կկանգնի: