Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը աշխարհի 197 պետությունների շարքում 134-րդն է. սա է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության` մայիսի 1-ին հրապարակած տարեկան զեկույցը:
«Նախորդ տարի մենք մոտեցել էինք անազատից կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքին, սակայն կրկին հետընթաց գրանցվեց»,- «Մեդիա կենտրոնում» մամուլի ազատության օրվան՝ մայիսի 3-ին ընդառաջ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:
Միջազգային ու տեղական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված քննարկումը խնդիր ուներ ամփոփելու մեկ տարում մեդիա ոլորտի խնդիրները, առաջընթացն ու տեխնոլոգիական զարգացումներին հաջորդած փոփոխությունները:
Քննարկման բանախոսներից իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արա Ղազարյանը Freedom House-ի զեկույցը գնահատեց «չափազանցված»: «Freedom House-ը ոչ թե հետընթաց է գրանցել, այլ առաջընթաց չի գրանցել` նախորդ տարիների համեմատությամբ»,- ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը՝ նշելով, որ նախորդ տարիների վերաբերյալ գնահատականներն, ըստ էության, էականորեն չեն փոխվել:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ կարևոր է մամուլի ազատության վերաբերյալ ներքին գնահատականը, այլ ոչ թե այն, թե ինչ կասեն արտասահմանյան որոշ փորձագետներ: Ըստ նրա՝ 2013 թ.-ին առաջընթացի բացակայությունը սպասելի էր տեղի ունեցած նախագահական ընտրությունների համատեքստում:
Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ մեդիայի նկատմամբ վերաբերմունքը մարդկանց մեջ հոգեբանորեն կարող է փոխվել դեպի բացասականը Հայաստանի՝ Մաքսային միությանն ինտեգրման հետևանքով: Վարդանյանը նաև նշեց, որ հիմա առավել լայն թափով զարգանում են առցանց լրատվականները, այդ թվում` առցանց հեռուստատեսությունները, իսկ արտակարգ իրադրությունների ժամանակ խմբագրությունները սկսել են առավել արդյունավետ աշխատել: Դրա ապացույցն էին նախորդ նախագահական ընտրությունները:
Բանախոսները, սակայն, ընդհանուր առմամբ, մատնանշեցին, որ առցանց մեդիայի պարագայում դեռ շատ անելիքներ կան: «Հեղինակային իրավունքի մասին օրենքի փոփոխության ընդունումը նախականխող բնույթ չունեցավ, խախտումներն ավելի ծավալուն բնույթ են կրում»,- ասաց իրավաբան Արա Ղազարյանը՝ հավելելով, որ օրենքը չի կարող կարգավորել ամեն ինչ, և ինքնակարգավորումը մեդիայի համար անհրաժեշտություն է:
Բանախոսները նշեցին նաև մեդիայի վրա արտաքին բացասական ազդեցությունների մասին: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ քանի դեռ դատական համակարգն ազատ չէ, լրագրողները կարող են ասել ու գրել ինչ ցանկանան: Իսկ Շուշան Դոյդոյանն անդրադարձավ մեդիայում գովազդի խնդրին. «Քաղաքական պատվեր տվողն ու գովազդատուն հաճախ նույն մարդն են, դրա համար էլ նրանց ներխուժումը մեդիա դաշտ անխուսափելի է»:
Պաշտոնյաները հիմա առավել փորձված են և ոչ թե հրաժարվում են լրագրողների հարցերից, այլ լղոզված պատասխաններ են տալիս: Ըստ Դոյդոյանի՝ սա առավել դժվար վիճարկելի է օրենքի տեսանկյունից, քանի որ պաշտոնյաները օրենքով պարտավորված են ապահովել հրապարակայնություն, սակայն դա սահմանելն առավել բարդ է, և անհրաժեշտություն է առաջանում, որ լրագրողներն առավել հետևողական լինեն:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանն իր խոսքը եզրափակեց՝ փաստելով, որ անկախ լրատվամիջոցներ մեզանում գրեթե չկան, իսկ ընդհանրապես մենք հիմա ունենք ավելի շատ լրատվամիջոցներ, քան պրոֆեսիոնալ լրագրողներ: