Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օձունի եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը: Փաստը, որ եկեղեցին բազմիցս նորոգվել է, արձանագրված է նաև եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրայի հիշատակություններում (801թ., 1888 թ.): 19-րդ դ. վերջերին էլ թիֆլիսաբնակ Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրներն իրենց միջոցներով վերանորոգել են եկեղեցին և շրջապարիսպը, ինչը վկայող արձանագրություն նույնպես կա:
Մեր օրերում եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2011-ից և այսօր էլ շարունակվում են՝ հյուսիսային կամարակապի քանդված քարերն են դրվում նախկին տեղերում: Եկեղեցու վերականգման աշխատանքները ֆինանսավորում է մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը: Սակայն եկեղեցին լուրջ խնդիր ունի՝ արտաքին սրահների ամբողջականացման հարցը: Բանն այն է, որ անձրևաջրերը լցվում են ներս ու պատը, որմնակամարը «ջրում»:
Հիշեցնենք, որ եկեղեցու արտաքին սրահների վերականգնման հարցը Yerkir.am-ի հետ զրույցում բարձրացրել էր Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ նշելով, որ անձրևաջրերը, որմնակամարի վրա թափվելով, բարերարի շնորհիվ կատարված աշխատանքներն էլ են «ջուրը գցում»: «Անձրևաջուրը լվանում է որմնակամարը, իջնում մինչև հիմքեր, հատակը խոնավացնում. այսպես կամաց-կամաց հատակի սալիկներն էլ կտեղահանվեն: Արդեն սկսվել են անձրևները, և քարերը չեն դիմանում անձրևին: Պետք է ծածկի տակ լինեն, անհրաժեշտ է Օձունի սրահների ամբողջական ծածկապատման աշխատանքներ սկսել, իսկ եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները` մեկ տարով հետաձգել»,- ասել էր քահանան:
Տեր Վրթանեսը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Օձուն այցի ժամանակ խնդիրը ներկայացրել էր նախարարին, ով էլ խոստացել էր լուծել այն:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել մշակույթի նախարարություն՝ տեղեկանալու՝ արդյո՞ք նախարարն ուսումնասիրել էր խնդիրը և ինչ որոշում կայացրել:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը տեղեկացրել է մեզ, որ եկեղեցու արտաքին սրահների ծածկն ի սկզբանե եղել է փայտյա, ինչի մասին են վկայում եկեղեցու հարավային, արևմտյան և հյուսիսային ելուստները, որոնց վրա էլ հենված են եղել ծածկը կրող երկայնական փայտե գերանները: Փոխնախարարի խոսքով՝ հետագա նորոգությունների արդյունքում փայտանյութի ոչ երկարակեցության պատճառով այն փոխարինվել է քարե թաղակիր կամարներով և թաղերով, որոնց մեկ ոտքը հենվել է նշված պատերին հպված որմնակամարների վրա:
«Արտաքին սրահների ծածկերի քարով վերականգնումը համարում ենք հնարավոր և արդյունավետ՝ մեկ վերապահումով` եթե պահպանվի և ցուցադրվի պատերի վրա առկա ավելի վաղ շինարարական շերտը՝ ելուստները՝ քարե թաղերում թողնելով ապակեպատ «լուսամուտներ»՝ պատմական շերտի մասին ինֆորմացիան հետագա սերունդներին փոխանցելու նպատակով: Ինչ վերաբերում է ծածկերի վերականգնման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ տրամադրելուն, ապա նախարարությունը կա´մ կառաջարկի բարերարին` հանձն առնել նաև հուշարձանի արտաքին սրահները ամբողջացնելու նպատակով անհրաժեշտ աջակցություն, կա´մ նախարարությունը պետական բյուջեից գումար կտրամադրի»,- ասել է Սամուելյանը:
Իսկ աշխատանքների իրացման ժամկետները, ըստ փոխնախարարի, կախված կլինեն ֆինանսական հատկացումների չափից: