Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011-ից սկսած` Օձունի եկեղեցին վերանորոգվում-վերականգնվում է, սակայն ամեն տարի ինչ-որ բան կիսատ է մնում:
2011-ին սկսված և 2014-ին «ավարտված» աշխատանքների ժամանակ /բարերար Մովսես Ձավարյանի ֆինանսավորմամբ/ վերականգնվեց եկեղեցու գմբեթը` նախնական տեսքով և խաչով հանդերձ, ամրացվեցին պատերը: Վերականգման աշխատանքներն այնքան էլ սահուն չանցան, որոշ ժամանակով անգամ դադարեցվեցին, բարերարն էլ իր հերթին որոշեց այլևս չֆինանսավորել` մշակույթի նախարարության «ֆոկուսների» պատճառով: Հիշեցնենք, որ այդ շրջանում մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը բարերարից կարծես միայն գումարն էր ուզում` բաց ու թափանցիկ չներկայացնելով տարվող աշխատանքներն ու ծախսվող միջոցները: Խնդիրն այնքան լուրջ էր, որ անգամ շուրջ 5000 լոռեցիներ ՀՀ նախագահին նամակ գրեցին` մշակույթի նախարարին ու փոխնախարարին պաշտոնանկ անելու պահանջով:
Սակայն խնդիրը «հարթվեց», և եկեղեցին իբրև թե վերջնական տեսքի բերվեց: Այսօր էլ եկեղեցում բարեկարգման և վերականգնման աշխատանքներ են տարվում, ավելին` Օձունի վերականգնման աշխատանքների 2-րդ փուլը մեկնարկեց այս տարվա գարնանը:
Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Օձունի եկեղեցու սրահների ամբողջականացման հարցը շարունակում է մնալ հրատապ խնդիր, քանի որ արդեն սկսվել են անձրևները, և քարերը չեն դիմանում անձրևին. պետք է ծածկի տակ լինեն: Ըստ նրա` անհրաժեշտ է Օձունի սրահների ամբողջական ծածկապատման աշխատանքներ սկսել, իսկ եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները` մեկ տարով հետաձգել:
«Օձունի եկեղեցին միակն է, որի արտաքին եռակողմ սրահները պահպանվել են, ու մենք խնդիր ունենք մեր ունեցածը պահպանելու ու գալիք սերնդին փոխանցելու: Տեսեք` արտաքին սրահների պահպանման համար երկու գիտամեթոդական նիստ է եղել, այսինքն` ճարտարապետների հետ խոսել ենք: Բացի այդ` 1914-ի լուսանկար կա, որտեղ արտաքին սրահների թաղակապը երևում է, այսինքն` որմնակամարները փրկելու մի տարբերակ կա` թաղակապը պետք է ամբողջացվի, քարից սալակապ պետք է արվի, 4 շարք է պակասում»,- ասաց տեր Վրթանեսը:
Նա նշեց նաև, որ Օձունի եկեղեցին 8 գյուղերի համար միակ գործող եկեղեցին է ուստի ինքը 8 գյուղերի բնակիչների անունից է ասում` եկեղեցու արտաքին սրահները պետք է ամբողջացվեն: Տեր Վրթանեսի խոսքով` եղած աղոթասրահն իրենց չի բավարարում, գտածոներ ունեն, որ աթողասրահում են, իսկ եթե ծածկ լինի, արտաքին սրահներում կտեղադրեն դրանք:
«Անձրևաջրերը տանիքից թափվում են որմնակամարին, ճիշտ է, հատակից ջրահեռացում է արվել, բայց դիմացն` անձրևներ ու ձյուն-ձմեռ: Բարերարը մեծ ներդրում է անել, հիմա ճիշտ պահն է, որ մենք էլ քայլ անենք. 35-40 մլն դրամի խնդիր է: Օրական 200-300 զբոսաշրջիկ է այցելում եկեղեցի, ու կարծում եմ, որ նախ բուն եկեղեցին պետք է ամբողջացվի, իսկ բակի բարեկարգումը հրատապ չէ, մենք էլ կարող ենք բարերարներ գտնել, որ բակի հարցը լուծենք: Կան «ճարտարապետներ», որ առաջարկում էին ցելոֆանով, ապակիով ու բետոնով արտաքին սրահները ծածկել, և ինձ վիրավորում էր եկեղեցու հանդեպ անլուրջ մոտեցումը` 8-րդ դարում ցելոֆանով ու ապակիով չեն ծածկել, չէ՞, սրահները: Իսկ եթե ավելի լուրջ` ծածկասալ անելն ավելի էժան կլինի»,- ասաց տեր Վրթանեսը:
Նա մտահոգվում է` անձրևաջրերը, որմնակամարի վրա թափվելով, բարերարի շնորհիվ կատարված աշխատանքներն էլ են «ջուրը գցում»: Քահանայի հավաստմամբ` անձրևաջուրը լվանում է որմնակամարը, իջնում մինչև հիմքեր, հատակը խոնավացնում ու կամաց-կամաց հատակի սալիկներն էլ կտեղահանվեն: «Ուզում եմ` Օձունի եկեղեցին ոչ թե խղճահարություն առաջացնի, այլ մարդիկ հիանան նրանով: Մյուս կողմից` եթե Օձունի նկատմամբ են նման վերաբերմունք ցուցաբերում, ապա մյուսների բախտն ի՞նչ է լինելու: Երևանում գյուղ են ուզում կառուցել, որ զբոսաշրջիկներն ավելանան, բայց եղածին ուշադրություն չեն դարձնում: Եթե Օձունի համար են խնայում, էլ մյուսների վրա ինչպե՞ս են գումար ծախսելու»,- ասաց տեր Վրթանեսը:
Օրերս Օձուն էր այցելել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, և տեր Վրթանեսը եկեղեցու խնդիրը ներկայացրել էր նախարարին: Քահանան նշեց, որ նախարարին խնդրել է եկեղեցու բակի բարեկարգման փոխարեն արտաքին սրահների ամբողջացման խնդիրը լուծել: «Ես հասկանում եմ, որ այս պահին գուցե ամբողջովին ի վիճակի չլինեն խնդիրը լուծել և կարող են անգամ մաս-մաս ու կամաց-կամաց անել, բայց գոնե կիմանանք` մտահոգ են, ինչ-որ բան կարվի: Նախարարը խոստացավ 1 ամսվա ընթացքում զբաղվել հարցով, շատ սրտացավ էր խոսում, ինքն էլ էր ասում` ինչպե՞ս կարելի է ցելոֆան քաշել: Հույս ունեմ, որ գոնե այս անգամ չեն խաբի, ու նորից նույն վիճակում չենք հայտնվի»,- ասաց տեր Վրթանեսը:
Ի դեպ, այս պահին եկեղեցում շարունակվում են վերականգնման աշխատանքները. հյուսիսային կամարակապի քանդված քարերն են դրվում իրենց նախկին տեղերում: