Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ամենակարևորը ժամանակակից հայ գրողին թարգմանելու խնդիրն է, և սա իրենց քաղաքականության գլխավոր ուղղությունն է. տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա խոսքով՝ 2017-ը բուռն տարի էր գրողների միության համար: Միլիտոնյանի հավաստմամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում հայ գրողների հարյուրավոր ստեղծագործություններ են թարգմանվել ու տպագրվել աշխարհի տարբեր երկրներում, անգամ Սովետական միության ժամանակ նման բան չի եղել: «Մեր գրողները նաև մի շարք փառատոների են մասնակցել, ինչը գրողի հանրահռչակմանն է նպաստում: Ընդհանուր առմամբ, գրողների միությունն ընթացիկ տարում շուրջ 150 միջոցառում է իրականացրել՝ հոբելյաններ, հանդիսություններ»,- ասաց Միլիտոնյանը:
Հարցին, թե արդյո՞ք հայ գրողները մասնակցել են միջազգային գրական հեղինակավոր փառատոների, նա պատասխանեց` ոչ, և առաջիկա տարիներին դժվար էլ մասնակցեն: «Դրսում մեր գրողների ներկայացվածության խնդիր ունենք: Այս հարցով պետք է հրատարակիչները զբաղվեն, այսինքն՝ թարգմանեն ու տարածեն մեր գրողների գործերը: Որևէ ստեղծագործական միություն, որքան էլ ջանա, չի կարող հասնել այն արդյունքին, որ գրողին միջազգային փառատոնի ներկայացնի, քանի որ դա հրատարակչության գործն է, անգամ՝ գրողը հրատարակչության հետ է հեղինակային իրավունքի պայմանագիր կնքում»,- ասաց Միլիտոնյանը:
Դիտարկմանը, թե այդ դեպքում միությունն այդքան թարգմանություններն ինչի՞ համար է անում, եթե դրանք միջազգային հանրությանը չեն հասնում, և դրսում մեր գրողներին չեն ճանաչում, Միլիտոնյանը պատասխանեց, որ իրենք անում են իրենց հասանելիք գործը, մնացածը հրատարակչի խնդիրն է: