կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 18:36
Արցախ

Արցախի գյուղաբնակ գրողները` գրական կյանքը սնուցող զարկերակ

Արցախի գյուղաբնակ գրողները` գրական կյանքը սնուցող զարկերակ

Ինչպես գրում է aparaj.am-ը, Արցախի Գրողների միության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացավ հանդիպում Արցախի գյուղաբնակ գրողների հետ: Հանդիպմանը հրավիրված էին երիտասարդ բանաստեղծ Հայասեր Հովսեփյանը՝ Մարտունու շրջանի Հերհեր գյուղից, Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից Միքայել Խաչյանը, Զոյա Հովհաննիսյանը՝ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից եւ Զոհրաբ Ըռքոյանը՝ Քաշաթաղից:

Նման հանդիպումը գյուղաբնակ գրողների հետ երկրորդն էր, առաջինն էլ օրեր առաջ էր կազմակերպվել՝ արցախյան տարբեր գյուղերից հրավիրված երեք գրողների հետ: Արցախի Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, հանդես գալով բացման խոսքով, հակիրճ անդրադարձավ հրավիրյալ չորս գրողներին, նրանց գործունեությանն ու գրական-ստեղծագործական բնութագրին՝միաժամանակ կարևորելով նման հանդիպումների յուրահատկությունն ու կարևորությունը:

Ինչպես նշեց Արցախի գրողների միության նախագահը՝ Զոյա Հովհաննիսյանն իր պոեզիայով առանձնանում է այն յուրահատկությամբ, որ բանաստեղծուհին կարողացել է որպես արցախամայր հանդես գալով իր ստեղծագործություններում՝ իր կերպարով ամբողջացնել տառապանք տեսած, որդեկորույս, հայրենիքի ցավով ու ապագայով ապրող բոլոր հայ կանանց: Նրա տողերը հայ մայրերի սրտի հետ են խոսում եւ նրա գրիչը բոլոր որդեկորույս մայրերի մեծ տառապանքի ու միաժամանակ՝ մեծ սիրո վկան է:

Գրող Միքայել Խաչյանին Վ. Հակոբյանը բնորոշեց որպես իր ուսանողական ընկերոջ, ում ստեղծագործական կյանքին միշտ ներկա է եղել: Խաչյանն ունի թե չափածո, թե արձակ մի շարք ստեղծագործություններ, որոնց մեջ հատկապես առանձնանում է պատերազմի թեման, քանզի գրողն ինքը մասնակից է եղել պատերազմին ու վիրավորվել: Նա ընթերցողի հետ կիսվում է խրամատային իր հիշողություններով ու պատերազմի ընթացքում ականատես դարձած մի շարք պատմություններով:

Հայասեր Հովսեփյանը դասվաանդում է Հերհերի դպրոցում եւ դեռեւս դպրոցական տարիներից հասցրել է ընթերցողի հայացքը սեւեռել իր ստեղծագործություններին:

Գրող-հրապարակախոս Զոհրաբ Ըռքոյանին էլ Վ. Հակոբյանն առանձնացրեց որպես մարդու, ով քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծում է Արցախ աշխարհի մասին պատմող ուշագրավ հրապարակախոսություններ:

Նշյալ գրողների ստեղծագործական գործունեությանն ելույթներով անդրադարձան Գրիգոր Նարեկացի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը եւ գրող Դավիթ Միքայելյանը:

Այնուհետեւ հրավիրյալ գրողներն առիթ ունեցան հանդես գալու ելույթներով՝ խոսելով իրենց գործունեության մասին եւ ներկաների համար կարդալով պատառիկներ իրենց ստեղծագործություններից:

Միջոցառման վերջում ԱՀ գրողների միության անդամներն ու հրավիրյալներն անմիջական զրույց  ունեցան հրավիրյալ գրողների հետ եւ ողջունեցին Գրողների միության կողմից նման ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը: Նրանք նշեցին, որ հենց արցախյան գյուղերից է սնվում, շունչ առնում Արցախի գրական զարկերակը: