կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 14:36
Մշակույթ

«Արմմոնոն», մյուս փառատոների համեմատ, շահեկան դիրքում է

«Արմմոնոն», մյուս փառատոների համեմատ, շահեկան դիրքում է

Այսօր Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը կմեկնարկի Մեծ Բրիտանիայից ժամանած դերասան Փեթար Միլուշևսկու «Գեղեցիկը» մոնոներկայացմամբ:

 

Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարի կցուցադրվի 17 ներկայացում, որոնցից վեցն արտասահմանյան են:

 

«Ներկայացումներ ունենք ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Լիտվիայից: Ունենք երեք դեբյուտային ներկայացում, ինչպես նաև նոր ծրագիր` «Տրիումֆ», որի շրջանակներում կցուցադրվեն 2013-ին բեմադրված այն ներկայացումները, որոնք սիրվել են»,- ասաց նա:

 

Մխիթարյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի «Արմմոնոյին» ներկա կլինեն մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրենները. «Համագործակցությունը հենց այսպես է սկսվում, նրանք դիտում են մեր բեմադրությունները, և այն ներկայացումները, որոնք կհավանեն, դրանց հեղինակների հետ հետագա համագործակցության դռներ կբացվեն»:

 

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասընթացներ:

 

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը նշեց, որ «Արմմոնոն» հնարավորություն է տալիս համեմատելու ներկայացման արտահայտչամիջոցների այն նոր մոտեցումները, որոնք առկա են թատերարվեստում: «Վստահ կարող եմ ասել, որ «Արմմոնոն» կայացած փառատոներից մեկն է Հայաստանում: Փառատոնն ունի «Դեբյուտ» ծրագիրը, որի շնորհիվ, մյուս փառատոների համեմատ, շահեկան դիրքերում է գտնվում»,- ասաց նա: