կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-16 11:51
Մշակույթ

Երիտասարդ գրողները չեն առաջադրի իրենց թեկնածուին

Երիտասարդ գրողները չեն առաջադրի իրենց թեկնածուին

Որոշեցինք հրաժարվել թեկնածու առաջադրելուց. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց գրականագետ, ՀԳՄ անդամ Արքմենիկ Նիկողոսյանը` անդրադառնալով այն հարցին, որ երիտասարդ մի խումբ գրողներ որոշել էին առաջիկայում կայանալիք ՀԳՄ նախագահական ընտրություններին առաջադրել նաեւ իրենց թեկնածուին:

 

Ի դեպ` գրողները ցանկանում էին առաջադրել հենց Նիկողոսյանի թեկնածությունը:

 

Ըստ Նիկողոսյանի` խոսքն իսկզբանե վերաբերում էր ոչ թե գրողների երիտասարդական թեւին, այլ` երիտասարդ գրողների մի խմբի, որոնք, իբրեւ համակիր ունենալով միջին եւ ավագ սերնդի մի շարք տաղանդավոր գրողների, նման մտադրություն ունեին:

 

Գրականագետի հավաստմամբ` իրենք ցանկանում էին առաջադրվել, ընտրվել եւ ինչո՞ւ չէ` միությունը դուրս բերել այն գործունեության հնաոճ վիճակից, որում այժմ գտնվում է.«Այսինքն` նոր տեխնոլոգիաներ, կառավարման նոր ձեւեր, այն, ինչ այսօր շատ պակասում է մեր գրողներին, եւ ինչը երիտասարդ գրողները ցույց են տվել, որ կարող են անել: Խոսքը կայքերի ստեղծման ու գործարկման, տարբեր միջոցառումների կազմակերպման, գրքերի հրատարակման, ներկայացման, քարոզման կուլտուրայի մասին է: Ի վերջո, չմոռանանք վերջին 4-5 տարիների ակտիվությունը, որ կա հատկապես վիրտուալ դաշտում, ասենք` ժամանակակից գրողների ֆեյսբուքյան էջերը, ի վերջո, մենք էինք ստեղծել` չունենալով ռեսուրսներ»:

 

Ըստ Նիկողոսյանի` այս ընթացքում իրենք դիտարկումներ էին անում եւ փորձում ընդհանուր տրամադրությունը հասկանալ. գրողների համար մեկ բան պարզ դարձավ, որն իրենց շատ հիասթափեցրեց: Գրականագետի կարծիքով` մեր գրողների համար, նույնիսկ եթե դու ներկայացնում ես ռեալ ծրագիր, որի շնորհիվ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու, եւ դրա ելքը ցույց ես տալիս քո ծրագրով, ավելի պակաս կարեւոր է, քան անձերն ու անհատականությունները, զանգերը, խնամիական-բարեկամական հարաբերությունները:

 

«Նման պարագաներում պայքարի մեջ մտնելն անիմաստ է, քանի որ մենք չէինք գնում աթոռ կամ պաշտոն գրավելու, ցույց տալու համար, որ կարող ենք ինչ-որ կառույց ղեկավարել: Մեր նպատակը մեր ծրագրերն առաջ տանելն էր: Սակայն մեր դիտարկման արդյունքում տեսնելով` որ, մեկ է, պայքարի այդ ձեւը չի անցնում, որոշեցինք հրաժարվել թեկնածու առաջադրելուց»,-ասում է Նիկողոսյանը` հավելելով, որ նրան, ով առաջիկա ընտրություններում կդառնա նախագահ, հենց համագումարին իրենք իրենց պահանջները կներկայացնեն, եւ եթե 2 տարվա ընթացքում այդ ծրագրերը չիրականանան, իրենք ավելի լուրջ թիմով կներկայանան:

 

Ի դեպ` Նիկողոսյանը նշեց նաեւ, որ ՀԳՄ նախագահի հնարավոր թեկնածուներից /Հովիկ Հովեյան, Էդվարդ Միլիտոնյան/բացի, վերջին երկու օրերին սկսել է շրջանառվել նաեւ Դավիթ Սարգսյանի անունը: