| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից համարվող ապակենտրոնացված փոխգործակցությունը Հայաստանի մարզերի և Ռուսաստանի նահանգների միջև: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզի և Վոլոգդայի նահանգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին 2016թ. համաձայնագրի ստորագրումից հետո կարճ ժամանակահատվածում տարբեր ուղղություններով հաստատված համագործակցության կապակցությամբ, որի արդյունքներից են ապրանքաշրջանառության նկատելի աճը, մշակութային կապերի ակտիվացումը և երկկողմ կապերի ընդլայնման ուղղությամբ ձեռքբերված նոր պայմանավորվածությունները:
Վոլոգդայի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նահանգի կառավարության անդամներ, բազմաթիվ գործարարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խոշոր քաղաքների քաղաքապետներ, ջերմ ընդունելության արժանացնելու համար: Նահանգապետը, ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտության հարցում համակարծիք լինելով Նախագահ Սարգսյանի հետ, ընդգծել է, որ արդյունավետ միջտարածաշրջանային կապերը երկարաժամկետ ամուր համագործակցության լավագույն գրավականն են, և կարևորել է այդ կապերի խորացման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Օլեգ Կուվշիննիկովը ներկայացրել է իր հայաստանյան այցի հագեցած ծրագիրը, որի շրջանակներում համագործակցության նոր փաստաթղթեր են ստորագրվել, համատեղ նոր նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռքբերվել:
Զրուցակիցները երկուստեք դրվատանքով են խոսել Վոլոգդայի հայկական համայնքի մասին, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում նահանգում՝ նպաստելով նաև Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը: