Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ազատման լուրը հանրության շրջանում լուրջ աժիոտաժ չառաջացրեց: Նրա հնարավոր պաշտոնանկության մասին վերջին մեկ տարվա ընթացքում մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Դեռևս մայիսին խոսակցություններ կային, որ պաշտոնից կազատվեն գլխավոր շտաբի պետի տեղակալներից երկուսը՝ Հայկազ Բաղմանյանը եւ Ստեփան Գալստյանը:
Հայտնի է նաև, որ Հայկազ Բաղմանյանի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի, քանի որ նրա հաստիքը կրճատվել է:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբում հաստիքների կրճատման գործում խառն է նաեւ գլխավոր շտաբի պետի Մովսես Հակոբյանի մատը: Նշանակումից հետո նրան այդպես էլ չհաջողվեց իր տեղակալներին փոխարինել յուրայիններով: Փոխարենը Մովսես Հակոբյանը ցանկանում է կառուցվածքային փոփոխությունների լույսի ներքո կրճատել տեղակալների հաստիքներն ու միանձնյա իրականացնել գլխավոր շտաբի կառավարումը: Սակայն հարկ է նշել, որ, ի տարբերություն Հայկազ Բաղմանյանի, մյուս երկու տեղակալներին ազատելու գործընթացն այնքան էլ հեշտ չի լինի:
Գլխավոր շտաբի պետի ներկայիս տեղակալներից Օնիկ Գասպարյանը, ըստ էության, վայելում է բոլորի հարգանքը: Ստեփան Գալստյանն էլ նախկինում աղմկահարույց պատմությունների կիզակետերում չի հայտնվել, քաղաքական հարցերում զուսպ կեցվածք ունի:
Մեզ հասած տեղեկություններով՝ գլխավոր շտաբի պետի երկու տեղակալները դեռ կշարունակեն պաշտոնավարել. Սերժ Սարգսյանն առայժմ նրանց պաշտոնանկ անելու մտադրություն չունի: Հնարավոր է իրավիճակը փոխվի 2018-ին, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը:
Նշենք, որ գործող օրենսդրությամբ՝ գլխավոր շտաբի պետին և նրա տեղակալներին նշանակում կամ ազատում է հանրապետության նախագահը: Համաձայն նոր Սահմանադրության՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին: Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով: