կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-01 15:10
Քաղաքական

ՀՀ-ԵՄ համաձայնագրով Հայաստանը բացելու է իր տարածքն այլ արտադրողների համար. Հովհաննես Իգիթյան

ՀՀ-ԵՄ համաձայնագրով Հայաստանը բացելու է իր տարածքն այլ արտադրողների համար. Հովհաննես Իգիթյան

Խորհրդարանում մեկնարկած` «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումների ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ նախկին գումարումների պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա՝ այս համաձայնագիրը չի ստեղծվել նրա համար, որ կամուրջ դառնա, «և, և»-ի կամ «կամ, կամ»-ի քաղաքականություն իրականացնի:

«Այս համաձայնագիրը հնարվորություն է տալիս Հայաստանին տնտեսապես զարգանալ, ոչ միայն այնպես, ինչպես օրինակելի քաղաքակիրթ երկրները, այլ նաև բացելու է իր տարածքը այլ արտադրողների համար»,- ասաց Իգիթյանը:

Նա նշեց, որ հաճախ են ասում, թե` ի՞նչ ունենք մենք Եվրոպային տալու, հո ջերմուկ չե՞նք տալու: «Խոսքը դրա մասին չէ, եթե այլ երկրների տնտեսական հրաշքը դիտարկենք, տեսնում ենք, որ ոչ թե իրենց ռեսուրսը, արտադրանքը, հումքը տվեցին, այլ կարողացան աշխարահին հնարավորություն տալ, որ իրենց տարածքը բաց է այլ արտադրանքի համար»,- ասաց Իգիթյանը, ապա նշեց, որ, իհարկե, խոսքը Սինգապուրի մասին չէ, քանի որ այն դասական հրաշք է, որն իր խնդիրը լուծեց՝ կոռուպցիան վերացնելով, ներդրումների համար բարենպաստ պայմաններ և մտավոր սեփականության կոշտ խաղի կանոններ ստեղծելով:

«Եթե խոսենք, օրինակ, Վիետնամի մասին, այստեղ «Սամսունգ»-ը կամ «Սոնի»-ն են արտադրվում, և դա Վիետնամի արտադրանքը չէ, սա Վիետնամում արտադրված արտադրանք է: Այսինքն՝ այս համաձայնագիրը այդ հնարավորությունը ստեղծելու է, որ ՀՀ-ն բացվի ցանկացած արտադրանքի համար, և կապ չունի ԵԱՏՄ կամ չգիտեմ` այլ զարգացած երկիր է, թե` ասիական երկիր: Եթե «Մերսեդես» եք արտադրում, դա չի նշանակում, որ Գերմանիան ավելի շատ եք սիրում, քան Ֆրանսիան, կամ ՌԴ-ն չեք սիրում, որովհետև «Լադա» չեք արտադրում»,- ասաց նա:

Իգիթյանն անդրադարձավ նաև համաձայնագրի քաղաքական մասին և շեշտեց, որ 2013-ին, երբ ՀՀ-ն հրաժարվեց ստորագրել այն, ԵՄ-ն ոչ միայն չպատժեց ՀՀ-ին, այլև ընդլայնեց թե' քվոտաները, թե' GSP+-ի տեսանկյունից: «Մենք GSP+-ը օգտագործում ենք երևի թե 10%-ով, և շատ կարևոր է, որ պետական գնումներին մասնակցեն նաև եվրոպական երկրներից»,- ասաց նա:

Քաղաքական գործիչը նաև խոսեց Հայաստանի մոնոպոլիաների հետ կապված կարգավորումների մասին: «Թվեր չբերեմ, բայց ցանկացած տարածաշրջանում, բոլոր երկրների համեմատ, երկու, երեք անգամ գազի, ջրի, էներգիայի գները բարձր են, և կարող ենք օգտագործել այդ հնարավորությունը»,- ասաց նա: