| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ-բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։ 
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիներին Հայաստանը և Բելգիան հարաբերությունները կանոնավոր զարգացրել են բազմաթիվ ոլորտներում՝ հիմնվելով փոխվստահության ու փոխըմբռնման վրա։ 
Նախագահ Սարգսյանը և վարչապետ Միշելը համակարծիք են եղել, որ այս հանդիպումը հետագա համագործակցության ուղիները նախանշելու լավ առիթ է և մեծապես կարևորել են փոխգործակցության ընդլայնումը նաև միջազգային հարթակներում, հատկապես` ԵՄ շրջանակներում։
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին` Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ և նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության ու անդամ պետությունների, այդ թվում՝ Բելգիայի հետ հարաբերությունների հետագա խորացման համար:
Հայ-բելգիական երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան քաղաքական շփումների ակտիվացումը և հույս հայտնել, որ Հայաստանի և բարեկամ ու վստահելի գործընկեր Բելգիայի երկխոսությունը շարունակական կլինի, ինչպես նաև փոխայցերն ավելի ակտիվ բնույթ կկրեն: 
Հանդիպմանը Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Բելգիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդները կազմում են բելգիահայ համայնքի կորիզը: Նախագահը վարչապետ Շառլ Միշելին հայ ժողովրդի գնահատանքն է հայտնել 2015թ. հունիսի 18-ի նրա հայտարարության համար, որին հաջորդեց հուլիսի 23-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. դեռևս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ 
Զրուցակիցները երկուստեք դրվատանքով են խոսել Բելգիայի հայ համայնքի մասին, կարևորել նրա դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում:
Սերժ Սարգսյանը և Շառլ Միշելը քննարկել են հայ-բելգիական առևտրատնտեսական հարաբերություններին և փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն առաջարկել է, որ բելգիական ընկերությունները դիտարկեն ՀՀ-ում գործունեություն ծավալելու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներգրավվածությունը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում: 
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ակտիվ անդամակցությունը ևս, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն է ֆրանկոֆոն կառույցներում Բելգիայի հետ գիտակրթական, մշակութային, քաղաքային կառավարման և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար: Նշելով, որ 2018թ. Հայաստանը կհյուրընկալի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, Նախագահը շնորհակալություն է հայտնել Բելգիային աջակցության համար և, օգտվելով հանդիպման առիթից, վարչապետ Միշելին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2018թ. հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին։