կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 17:42
Քաղաքական

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությունը

Շահան Գանտահարյանը մեկնաբանել է եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարությունը

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Շառլ Միշելի հայտարարությունը  հիմնականում հումանիտար հարցերի մասին է։  
 

«Մարդասիրական բաժինը, ըստ հայտարարության, ունի վճռորոշ նշանակություն հարցերի լուծման գործընթացում։ Այստեղ հավասարության նշան է դրվում երկու կողմերի մարդասիրական բնույթի քայլերի միջև՝ ականապատված քարտեզների դիմաց ռազմագերիների ազատ արձակում։ Բոլոր գերիներին ազատ արձակելու կոչը միանշանակ ուղղված է կողմերից մեկին. պարզ է, որ հայկական կողմը ադրբեջանցի ռազմագերի չունի եւ այստեղ վարձկան ահաբեկիչները ռազմագերի չեն։ Սակայն, չնայած այս ամենին, ակնկալիքները երկկողմանի են։  «Կողմերը մարդասիրական ժեստեր պետք է անեն, որոնք կնպաստեն վստահության ամրապնդմանը։ Պարզ է Միշելի ակնարկը. քարտեզ՝ ռազմագերու դիմաց»,- ասաց Գանտահարյանը։   

Նրա գնահատմամբ՝ անորոշ է «հակամարտությունից տուժած բնակչության վերականգնում» բանաձեւի իրականացումը։ «Մտաբերում եմ նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը, այն է՝  «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո»։   Բնականաբար, չեն ճշտվել տուժածների վերականգնման ծրագրի մանրամասները՝ եղանակ, ժամկետ, միջոցներ։ Շառլ Միշելի խոսքով վճռորոշ նշանակություն ունի մարդասիրական գործողությունների իրականացումը։ Թերեւս, շեշտադրումը, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի իրականացմանն է վերաբերվում՝ «իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում»»,- նշեց նա:

Գանտահարյանը հավելեց, որ այս գործընթացներին զուգահեռ ԱՄՆ վարչակազմը ողջունում է  Անկարայի եւ Երեւանի միջեւ երկխոսություն սկսելու համար ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները:

«Վաշինգտոնի, Մոսկվայի, Բրյուսելի դերերի  տեղաբաշխման քայլեր են  նկատվում. ԱՄՆ-ը  կզբաղվի Անկարա -Երեւան հարաբերությունների կարգավորմամբ, Եվրոպան՝ մարդասիրական աշխատանքներով, իսկ Մոսկվան սահմանազատման եւ սահմանագծման ընթացակարգերով»,- եզրափակեց նա։