կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-22 13:31
Հասարակություն

5032 թեկնածություն պաշտպանածներից 646-ն է մնացել գիտության մեջ. նախարար

5032 թեկնածություն պաշտպանածներից 646-ն է մնացել գիտության մեջ. նախարար

ԱԺ-ում շարունակվում են ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումները տարկետման սահմանափակման կապակցությամբ: ԿԳ նախարար Լրոն Մկրտչյանին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հարցրեց այն թվերը, թե քանի՞ երիտասարդ է գիտության մեջ հետագայում շարունակել իր ուղին: «Հետազոտության հետ կապված` կուզենամ նշեք կոնկրետ թվեր»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ ունեն 2007-2016 թթ. գիտական աստիճան ստացածների ընդհանուր թիվը: «Ընդհանուր թվաքանակը` դոկտորները 445 են Հայաստանում, թեկնածուները` 5032, որոնցից, 2017 թվականի նոյեմբերի դրությամբ, գիտության մեջ մնացել են` դոկտորներից` 191 հոգի, թեկնածուներից` 646, այսինքն` 5032-ից 646-ն են գիտության մեջ»,- ասաց նա:

Ըստ Մկրտչյանի` դոկտորների 42,9%-ն է մնում գիտության մեջ, թեկնածուների` 12,8%-ը, իսկ ընդհանուր` երկուսը միասին, 15,3%-ն է, որ մնում է գիտության մեջ: Նախարարի ներկայացրած թվերից պարզ դարձավ, որ հիմնականում բնական գիտություններով զբաղվողներն են հետագայում մնում գիտության մեջ:

«Ֆիզիկամաթեմատիկական ուղղությամբ 63 դոկտոր է պաշտպանած, 461 թեկնածու՝ 2007-2017թթ. ընթացքում: Նրանցից այսօր գիտության մեջ մնացել է 50 դոկտոր, այսինքն` 63 դոկտորից 50-ը մնացել է և 135 թեկնածու: Ընդհանուր առմամբ, մոտ 79,4% մնում են դոկտորներ, իսկ 29,3%` թեկնածուներ»,- ասաց նա:

Այնուհետև նախարարը ներկայացրեց քիմիական ուղղության մեջ մնացած գիտնականների թիվը: «Քիմիականի մեջ մնում է 68% դոկտոր, 25,7% թեկնածու, բայց սրանք բարձր թվեր են, կենսաբանության մեջ 57% դոկտոր է մնում, թեկնածուները` 35,8%, 37% է միջինը»,- հայտնեց նա:

Այլ է պատկերը տնտեսագիտության, փիլիսոփայության, իրավաբանության ոլորտներում: «Տնտեսագիտության ոլորտում դոկտորներից մնում է 25%-ը, թեկնածուներից` 2,7%-ը, ընդհանուր առմամբ` տնտեսագիտության գիտության մեջ մնում է 3,3%-ը: Փիլիսոփայության ոլորտում դոկտորների 50%-ն է մնում, 11,1%` թեկնածուները, ընդհանուր`18,2 տոկոս: Իրավաբանության մեջ դոկտորների 14,4%-ն է մնում, թեկնածուների` 2,8 %-ը, ընդհանուր` 3,4%: Բժշկության մեջ ընդհանուրը 6,4 % է»,- հայտնեց Մկրտչյանը: