կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 10:38
Քաղաքական

Պատասխանը կարող էր լինել մի փոքր այլ կերպ. Կորյուն Նահապետյանը` Վիգեն Սարգսյանի հետ կապված միջադեպի մասին

Պատասխանը կարող էր լինել մի փոքր այլ կերպ. Կորյուն Նահապետյանը` Վիգեն Սարգսյանի հետ կապված միջադեպի մասին

Բոլոր դեպքերում, գուցե, պատասխանը կարող էր լինել մի փոքր այլ կերպ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` «Ֆեյսբուք»-ում զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար դրամահավաքություն ձեռնարկելուն և քաղաքացիների մեկնաբանություններին պատասխանելուն: Նա նշեց, որ բոլոր տեսակի շփումներում պետք է պահպանել քաղաքավարության կանոնները, և դա հավասարապես վերաբերում է հանրային իշխանության ներկայացուցիչներին:

«Ես չէի ուզենա գույները խտացնել և այդ գրառման հետ կապված ծայրահեղ վիճակ ստեղծել, որովհետև հասարակության մեջ, քաղաքական համակարգում պետք է հանդուրժողականության մթնոլորտ ձևավորենք և կարողանանք փոխադարձ հարգանքի սկզբունքով շփվել քաղաքացիների հետ»,- ասաց Նահապետյանը` ընդգծելով, որ դա վերաբերում է հասարակության բոլոր անդամներին և հատկապես` իշխանության ներկայացուցիչներին:

Հարցին` այդ դեպքում պաշտպանության նախարարը պահպանե՞լ է քաղաքավարության նորմերը, նա պատասխանեց. «Եղել է վիրավորական ձևակերպում, հնչել է բավական կոշտ մեկնաբանություն ներկայացված այդ առաջարկի կապակցությամբ, պատասխանը բոլոր դեպքերում գուցե կարող էր լինել մի փոքր այլ կերպ»:

Նահապետյանը միևնույն ժամանակ նշեց, որ ողջունում է նախարարի` զինծառայողի համար դրամահավաքություն կազմակերպելու նախաձեռնությունը:

«Նախարարը նպատակահարմար է գտել նման կերպ իր դիրքորոշումը ձևակերպել: Բնական է, որ սոցիալական ապահովության խնդիրները կարգավորվում են համապատասխան օրենքների շրջանակներում, որից հետո պարտավորությունը կրում է պետությունը, պետությունը պետք է լուծի զինծառայողների ապահովության խնդիրը: Բայց կարող են հնչել նաև տարատեսակ առաջարկություններ և նախաձեռնություններ, այդ թվում` պատգամավորների, նախարարների, տարբեր կազմակերպությունների կողմից»,- շեշտեց նա:

Նահապետյանը դրական գնահատական տվեց նախարարի գործունեությանը: «Վերջին շրջանում մեծածավալ աշխատանք է իրականացվել, հատկապես` օրենսդրության վերանայման հետ կապված: Մենք ընդունել ենք նոր օրենքներ: Հիմա էլ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են ներկայացվելու. շուտով զինված ուժերի արդիականացման ծրագիր է ներկայացվելու, դրանք լրջագույն աշխատանքներ են և ուղղված են` հզորացնելու մեր պաշտպանական կարողությունները: Այդ իմաստով դրական պետք է գնահատեմ նախարարի գործունեությունը»,- նշեց նա: