Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վաղվանից խորհրդարանում մեկնարկող` ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումներին` տարկետման սահմանափակման նախագծի մասին:
Պատգամավորի կարծիքով` քննարկումներից հետո ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի չեն ունենա, և ամեն ինչ չի վերադարձվի զրոյական դիրքի:
«Այս օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար, որի մասին շատերը տեղյակ չեն: Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում: Այնպես չէ, որ ինչ-որ մարդկանց, որ ուզում են ուսում ստանալ, շարունակել իրենց ուսումը, այս օրենքները խոչընդոտում են»,- ասաց նա:
Սակայն Ռուստամյանը չի հերքում, որ կան որոշակի հստակեցում պահանջող հարցեր, որոնք օրենքում խնդիր են այս պահին: Նրա խոսքով` դրանք կարող են լուծվել նաև ենթաօրենսդրական ակտերի, կառավարության առանձին որոշումների միջոցով: «Ես հասկանում եմ ուսանողներին. լուրջ իրավիճակ է, բնական է, որ այս փոփոխությունները նոր իրադրություն են առաջացնում, և մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչպես ծրագրեն իրենց ապագան»,- շեշտեց Ռուստամյանը:
Ըստ նրա` քննարկումները հնարավորություն կտան ուսանողներին ավելի խորքային ծանոթանալու փոփոխություններին: «Ես վստահ եմ, որ խորքային ծանոթանալու դեպքում կտեսնեն, որ եթե պարտադիր է ծառայությունը, իսկ դա սահմանադրորեն պարտադիր է, պետք է պարտադիր լինի բոլորի համար»,- ասաց Ռուստամյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ տարկետման նախկին տարբերակին վերադառնալը ճիշտ չի լինի: «Եթե արգելվում է, պետք է արգելվի բոլորին, եթե թույլատրվում է, ապա թույլատրվում է բոլորին: Տեսել ենք այդ կիսատ-պռատ լուծումները, որ դուռ են բացում կոռուպցիայի համար և իրական պատկերը չեն տալիս նրանց, ովքեր ուզում են գիտնական դառնալ, ուսումը շարունակել: Եվ փաստը ցույց է տալիս, որ նրանց 90%-ը գնացել է այդ ուղղությամբ միայն մի նպատակով` խուսափել ծառայությունից: Սա իրականություն է»,- նշեց նա:
Դիտարկմանը` օրենքում լուսանցքեր մնում են, Ռուստամյանը պատասխանեց, որ դրանք էլ պետք է հստակեցնել, որ դարձյալ չշրջանցնեն: Պատգամավորը չհերքեց, որ առողջապահական ոլորտում սողանցք մնում է: «Մերոնք ունեն այդ հնարամտությունը` ցանկացած օրենքում լուսանցքեր, սողանցքեր գտնել: Իհարկե, կան բնական պատճառներ` առողջական խնդիրներ, որ մարդը չի կարող գնալ ծառայության: Կան ավելի վատ փաստեր, որ մարդուն չեն տվել տարկետում առողջական պատճառով, և նա բանակում այդ հիվանդության սրացման հետևանքով մահացել է: Այդ առումով պետք է մեծացնել վերահսկողությունը, իսկ այս հայեցակարգը նաև քաղաքացիական հասարակության վերահսկողության հնարավորություններն է մեծացնում, ավելի թափանցիկ է դարձնելու բանակաշինությունը, զինվորական ծառայության գործունեությունը: Այս գործիքներով պետք է վերահսկել, որ այդտեղ չարաշահումներ չլինեն, որ առողջ անձը չփորձի կոռուպցիոն կամ հովանավորչության միջոցով ազատվել բանակից»: