կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-21 11:34
Քաղաքական

Պատկան մարմինները պարտավոր էին գործողություններ ձեռնարկել. Կորյուն Նահապետյանը` Վահան Մարտիրոսյանի փախուստի մասին

Պատկան մարմինները պարտավոր էին գործողություններ ձեռնարկել. Կորյուն Նահապետյանը` Վահան Մարտիրոսյանի փախուստի մասին

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատասխանեց այն հարցին, թե` արդյո՞ք Հայաստանի իրավապահ մարմինները չեն թերացել իրենց գործում` հնարավոր դարձնելով հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացու` Վահան Մարտիրոսյանի փախուստը Ադրբեջան:

Կորյուն Նահապետյանը նախ նշեց, որ փաստի առթիվ այս պահին քննություն է ընթանում, և որ քննության արդյունքներով կլինի համապատասխան հայտարարություն: Իսկ վաղաժամ քաղաքական գնահատականները, ըստ նրա,  չեն նպաստի, որ մենք կարողանանք համակողմանի ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել:

«Այդ իմաստով, կարծում եմ, պետք է մի փոքր համբերել, առաջիկա ժամերին ու օրերին պարզություն կմտցվի  ու հստակ պատասխան կտրվի, թե ինչպես հնարավոր եղավ նման անցումը»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Հարցին ի պատասխան, թե չի՞ կարծում, որ իրավապահ մարմինները թերացել են իրենց աշխատանքում, կարծիք հայտնեց` քանի որ ծառայողական քննություն է ընթանում, ճիշտ չէ գնահատել, թե  իրավապահ մարմիններն այս պահին թերացել են, ապա ասաց, որ ինքը նման գնահատական չէր հնչեցնի:

«Սպասենք ծառայողական քննության ավարտին` հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր եղել նման բան: Որևէ բան բացառել մենք չենք կարող: Իհարկե, մեզ համար դա անցանկալի դեպք է, որ հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին անցել է Ադրբեջանի տարածք: Իհարկե, անթույլատրելի է նման երևույթը, նման բանը հարկավոր էր ուղղակի բացառել: Բայց քննություն է կատարվում, թող պարզվի, թե ինչպես է դա հնարավոր եղել: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել` ճիշտ չի լինի այս պահին քաղաքական գնահատական տալ դեպքի կապակցությամբ: Ինքնին երևույթը բացասական է, և բոլոր պատկան մարմինները պարտավոր էին ձեռնակել գործողություններ` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Բայց այս պահին ասել,  թե նրանք չեն կատարել այդ պարտականությունները կամ ոչ պատշաճ են կատարել, դեռ վաղաժամ եմ համարում»,- ասաց Կորյուն Նահապետյանը: