Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի է ունեցել ESPAQ Տեմպուս ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ Տեմպուս, իսկ ներկայումս Էրազմուս ծրագրերը շատ կարևոր են կրթության ոլորտի համար, հետևաբար պետք է արժևորել ձեռքբերված արդյունքները:
«Վերոնշյալ ծրագրերի լավագույն փորձին ծանոթանալը, ուսանողների և դասախոսների շարժունությունը մեզ համար ինքնանպատակ չեն, դրանք միտված են երկու ուղղությամբ որակական փոփոխության ենթարկել ՀՀ կրթական ոլորտը` արտաքին և ներքին: Արտաքին ուղղվածությունը ենթադրում է, որ ոլորտն ամբողջությամբ պետք է ներառվի քաղաքակրթական այն գործընթացներում, որոնք այսօր ընթանում են ԵՄ և շրջակա հարևանության ծրագրերում, իսկ ներքինի արդյունքում անհրաժեշտ են որոշակի կառուցվածքային լուծումներ: Իհարկե, այսօր ունենք բավականին հաջողություններ` շարժունություն, եռաստիճան բարձրագույն կրթական համակարգ, կրեդիտային համակարգ և այլն, սակայն առկա է նաև մեծ մարտահրավեր՝ ձևը լցնել բովանդակությամբ, որը ենթադրում է բավականին հետևողական աշխատանք: Մեր խնդիրն է` շարժունության կառուցվածքային փոփոխության տարածում երկրի ներսում: Դրա համար բուհերը նախ պետք է բացեն իրենց դռները, համագործակցության նոր մթնոլորտ ձևավորեն, որի արդյունքում ուսանողը կրեդիտիներ հավաքելու ժամանակահատվածում հնարավորություն ունենա ազատ պտտվել մեկից ավելի ուսհաստատություններում և տարբեր ոլորտներում ձևավորել իր գիտելիքների պաշարը: Սա նշանակում է, որ պետք է իսկապես ՀՀ-ում ձևավորենք անհրաժեշտ եռանկյունի՝ ուսհաստատություն, գիտական հաստատություն և բիզնես ներկայություն, որտեղ ուսանողի համար պետք է ապահովել որակյալ շրջապտույտ: Իսկ սա ենթադրում է բարձրագույն կրթության ոլորտի ամբողջ տրամաբանության փոփոխություն:
«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն իր մեջ ունի հեղափոխական և լուրջ որակական փոփոխությունների պոտենցիալ: Սույն նախագծով նախատեսվում է ավանդական կրթական համակարգը փոխարինել շարժունության վրա հիմնված կրեդիտների ավելացման և ձևավորման համակարգով»,-նշել է Լևոն Մկրտչյանը` Ուսանողների ազգային ասոցիացիային և առհասարակ ուսանողներին կոչ անելով ծանոթանալ օրենքի նախագծին և իրենց առաջարկություններն ու դիտողությունները հայտնել:
«Օրենքի նախագիծը բաց է բոլոր առաջարկությունների համար: Ներկայումս ձևավորում ենք հարթակ, որը հնարավորություն կտա հետագայում կատարել լուրջ կառուցվածքային փոփոխություններ»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերի հետևանքով ձևավորվել է հանրույթ, որը տիրապետում է եվրոպական առաջավոր կրթական արժեքներին:
Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Եվրոպական Ուսանողական Միության փոխնախագահ Ադամ Գայեկը: ESPAQ ծրագրի ձեռքբերումները և արդյունքները ներկայացրել են Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչները:
Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության ընդլայնումը որակի ապահովմանը» ծրագրի կոնսորցիումի անդամների միջև կնքվել է փոխհամաձայնության հուշագիր, համաձայն որի կստեղծվի ՀՈՒԱԱ-ին կից գործող Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին: Համագործակցության նպատակն է որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերի ակտիվացման մեխանիզմների մշակումը, ուսանողների կողմից որակի գնահատումը և ապահովումը, համագործակցության շարունակական զարգացումը:
ԿԳՆ