Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի հետ զրույցում փորձագետ Հակոբ Ավագյանն անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին հայտարարությանը, ինչպես նաև ցուցարարներին բանակցության հրավերելու առաջարկությանը, կարծիք հայտնեց, որ հասունացել է երկխոսության պահը:
«Ի սկզբանե բողոքի ցույցն ուղղվեց դեպի Բաղրամյան 26, այսինքն խնդրի հասցեատեր ճանաչվեց երկրի նախագահը, ով երեկ արդեն հայտնեց իր դիրքորոշումը՝ թանկացման բեռը դնել կառավարության վրա: Սա նույն է` թե մի անորոշ ժամանակով բեռն անուղղակիորեն թողնել մեր բոլորիս ուսերին ու գնալ անկախ աուդիտ անցկացնելու ճանապարհով: Իմ կարծիքով հիմա ժամանակն է, որ այս կողմից հնչի պատասխան և ինձ համար խիստ կարևոր է, թե ինչ պատասխան կձևավորվի հասարակական դաշտում: Քանի որ բողոքի շարժիչ ուժը երիտասարդներ են, չէի ուզենա որպեսզի նրանք իրենց վրա վերցնեին ամբողջ պատասխանատվությունը:
Այդ իսկ պատճառով առաջարկում եմ որպեսզի բողոքի ակցիայի կազմակերպիչները ձևավորեն անկախ փորձագետներից կազմած խումբ `ասենք 15 կամ 21 հոգուց բաղկացած, որը կստանձնի հոսանքի թանկացման վերահսկիչ հանձնաժողովի դերը և կսկսի աշխատանքները` հրավիրված աուդիտորական ընկերության հետ: Այս ամենի համար կարևոր է որպեսզի սահմանվեն հստակ ժամկետներ` օրինակ որքան է տևելու գործընթացը, երբ է լինելու արդյունքների ամփոփումը: Կարևոր է նաև թե ինչ տեսակի աուդիտ ենք ցանկանում անցկացնել, զուտ հաշվապահակա՞ն, փաստաթղթերի արժանահավատություն ստուգելու և այլն, թե՞ ստուգում ենք` արդյո՞ք ՀԷՑ-ը ճիշտ է կառավարվում (ֆինանսական հոսքեր, մենեջմենթ և այլն ), և վերջապես արդյո՞ք սակագնի թանկացումն է միակ ելքը թե ոչ… Իսկ նշված անկախ փորձագետների խումբը կարելի է ձևավորել հենց այս պահից սկսած` թեկնածուների ցանկը տեղադրելով սոցցանցում, դարձյալ նույն երիտասարդների արձագանքներով կընտրվի, կձևավորվի հնարավորինս անկախ մարմին` լիազորված մեծամասնության կողմից:
Այս պարագայում երկխոսությունը կլինի թափանցիկ, հնարավորինս ժողովրդավարական՝ քանի որ ժողովուրդը կընտրի իր ներկայացուցիչ հանձնաժողովին և ամենակարևորը՝ հարցը կտեղափոխվի մասնագիտական և հանրային քննարկման դաշտ, իսկ պատասխանատվությունը չի կոտրվի մեկ կամ երկու երիտասարդների վրա, որոնք ի դեպ մեծ գործ արեցին այս բողոքի ակցիան նախաձեռնելով: Մենք այս օրերին ականատես եղանք հայ քաղաքացու տեսակի փոփոխության»,-հայտարարեց փորձագետը: