Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պատմությունը գիտություն է, ինչպես մյուս բոլոր գիտությունները, հետեւաբար դասագիրքն էլ հայրենասիրական վեպ չի լինելու» ,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի երիտասարդական նախագծերի համակարգող, պատմաբան Դիանա Մլհամյանը։ Նա պաշտպանում է 7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքի հեղինակին՝ նշելով, որ դասագիրքը ձեռնոց է նետում ե՛ւ կրթական համակարգին, ե՛ւ նախկին մենաշնորհներին: «Վերջապես գրվել է դասագիրք, որն աշակերտին թույլ է տալիս ինքնուրույն մտածելու եւ ուսուցչի հետ երկխոսության մեջ մտնելու»։
Օրերս այս երիտասարդուհին «Ռեստարտ»-ի իր գործընկերներից մեկի հետ կրկին Հ1-ի տաղավարում էր։ Գովազդում էին իրենց նախագծերը։
2018-ին Վահան Կոստանյանի, Արմեն Գրիգորյանի, Արսեն Խառատյանի ու Արայիկ Հարությունյանի կողքին էին կանգնած, փողոց էին դուրս հանում ուսանողությանը, հացադուլ հայտարարում, «թավշյա հեղափոխություն» անում։ «Ազատ, անկախ ուսանող» վանկարկողների համար այնքան էլ կարեւոր չէ, որ այսօր՝ Ազատ Արցախը այլեւս մեզ չի ողջունում, Հայաստանի պետականությունն էլ խիստ վտանգված է, նրանց գերմտահոգությունը ժողովրդավարությունն է։
Ժողովրդավարության այս նվիրյալները նույն այն երիտասարդներն են, ովքեր 2019-ի մարտի 4-ին հարձակվել էին Նարեկ Մալյանի վրա, հետո հայտարարել, որ նպատակ չեն ունեցել նրան առեւանգելու, այլ փորձել են նրան աղբամանը նետել։ Իրենց արածն էլ ներկայացնում էին որպես հանրային ակցիա ընդդեմ հայհոյանքի։ 2022-ի հունիսին դատարանը նրանց անմեղ է ճանաչել։
«Ռեստարտ»-ը նախ ուսանողական շարժում էր, հետո դարձավ ուսանողական-քաղաքացիական ՀԿ։ 2018-ին ուսումնասիրություն էին իրականացրել ու որոշել լուծարել ԵՊՀ-ի Ուսանողական խորհուրդը, ընդունել նոր կանոնադրություն ու անցկացնել ուսանողական կառույցի նոր ընտրություններ։ Հետո էլ պահանջում էին Արամ Սիմոնյանի հրաժարականը՝ հայտարարելով, որ դա «պայքար է հնի ու նորի միջեւ»։
Հիմա այս «նորերից» Գեւորգ Ղուկասյան անունով երիտասարդը, ով ի դեպ «Ռեստարտ» Գյումրի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի գործադիր տնօրենն է, նշանակվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի խորհրդական։ Նա նաեւ համալսարանի բարձրագույն կառավարման մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Փաշինյանի վարած քաղաքականությանն ուղղված քննադատության ոչ մի նշույլ այս երիտասարդի էջում չկա, ընդամենը արցախահայերին աջակցելու ու փրկելու կոչեր ու հակառուսական ուժեղ տրամադրություններ։ Նա մեկ կիսվել է Սամվել Բաբայանի հարցազրույցը Պետրոսի հետ, մեկ աջակցություն է հայտնել Վրաստանում հանուն ժողովրդավարության պայքարին ու հայտարարել, որ այդ երկիրը պետք է գնա դեպի Եվրոպա, մեկ շնորհավորել է ադրբեջանցի մի լրագրողի երկնային ծնունդը, ով Ալիեւի ռեպրեսիաներից խույս տալու համար Թուրքիա էր փախչել, սակայն 2021-ի մայիսին սպանվել էր, մեկ էլ հայտարարել է՝ Էրդողանը պետք է հեռանա ու մեր հարեւան երկրներում պետք է հաղթի ժողովրդավարությունը, որպեսզի խաղաղություն հաստատվի։ Օ՜հ, ի՜նչ հուզական ու խաղաղասիրական դրսեւորում․․․
Խմբի անդամներից Դավիթ Պետրոսյանն էլ 2018-ին ու 19-ին թեժ ակտիվիստ էր ու այդ առիթով մրցանակ էր ստանում Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումից, ով Քոչարյանի ասուլիսն էր տապալում, իսկ 2021-ի փետրվարին հայտրարաում էր՝ դե, ունենք այն ինչ ունենք եւ հորդորում էր իջնել հրապարակ՝ պաշտպանելու «Հեղափոխություն»-ը։ Հիմա հեղափոխական շունչը կարծես մարել է։ Բացաշունչ անթրաշ «հեղափոխական» այս երիտասարդը հիմա ավելի լուռ է ու պասիվ, հաճախ արտասահմանյան ճամփորդությունների է գնում։ Վերջին ամիսներին եղել է Չեխիայում, Ֆինլանդիայում, Շվեցարիայում... Արցախի կորուստը այնքան էլ նշանակություն չունի, կարեւորը ժողովրդավարությունն է։ Հենց այս տարվա հոկտեմբերին, Պրահայում նա մասնակցել է «Ֆորում 2000»-ի 27-րդ կոնֆերանսին։
Այս երիտասարդների հիմնած «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության էջը կիսվել է Ջորջ Բուշի օգնական, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերի բաժնի ղեկավար Դեյմոն Վիլսոնի դիտարկումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ դրան հաջորդած էթնիկ զտումներն իրականացնողների նպատակն էր ապակայունացնել Հայաստանը եւ նրա ժողովրդավարությունը։
Կազմակերպությունը հիմա լայն աշխատանք է տանում երիտասարդության հետ, երիտասարդներին կրթում է «նոր չափորոշիչներով», նրանց մեջ սերմանում արեւմտյան ու ժողովրդավարության արժեքներ, կազմակերպում հանդիպումներ, քննարկումներ ու արշավներ։ «Հանուն երիտասարդների խելահեղ ակտիվության» նրանք անգամ բազմաթիվ փառատոններ են կազմակերպում մարզերում ու Երեւանում։ Մի խոսքով՝ «քաղաքականությամբ չեն զբաղվում», քանի որ հայրենիքի փրկությունը այն արժեքը չէ, որի համար պատրաստ լինեն «ռեստարտ» անել։
Գրավիչ ու ժամանցային ծրագրերի արանքում էլ երիտասարդների համար բանախոսում են Արթուր Սաքունցը, Թաթուլ Հակոբյանն ու Լուսին Խառատյանը։ Օրինակ՝ «Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը եւ դրա հնարավոր լուծումները» խորագրով քննարկման բանախոսը եղել է սորոսական Արթուր Սաքունցը, իսկ «Կարսի պայմանագրից մինչեւ Շուշիի անկում․ տարածքային կորուստներն ու պատմության դասերը» թեման էլ երիտասարդներին ներկայացրել է Թաթուլ Հակոբյանը։
«Ռեստարտ»-ը Սորոսի հիմնադրամից գրանտ է ստացել 2018-ին՝ 20,000 դոլար, 2019-ին՝ 10000 դոլար, 2020-ին՝ 26700 դոլար եւ 2021-ին՝ 11000 դոլար։
«Ռեստարտ»-ի անդամներից Դավիթ Պետրոսյանը հայտարարում էր, որ «հեղափոխություն»-ը պետք է փոփոխություններ բերի ամբողջ Հայաստանում՝ ոչ թե քաղաքական, այլ արժեքային ու մշակութային։ Փաշինյանի քաղաքական «փայլուն» փոփոխությունների պտուղները մինչ այս պահը եղել են Արցախի հայաթափումն ու Հայաստանի տարածքից 200 քկմ օկուպացումը, իսկ թե՝ մշակութային ասպարեզում ինչպիսի վերելք ենք ապրել վերջին 5 տարում, թողնում եմ ընթերցողի դատողությանը։
Մեղրի Ղուկասյան