Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորի մասին:
Մեր տեղեկություններով՝ Թելման Ալավերդյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից է: Նա շուրջ 4 տարի առաջ է ընտանիքով տեղափոխվել այդ գյուղը: Մի քանի ամիս առաջ մահացել է նրա հայրը: ՔԿՀ աշխատակիցների ուղեկցությամբ`Թելմանը մասնակցել է հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Թելման Ալավերդյանի վերաբերյալ 4 քրեական գործ է քննվել, որոնցից մեկով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը` կարճվել` նրա և տուժողի փոխադարձ հաշտության հիմքով:
Իսկ Ալավերդյանի նկատմամբ քննված բուն քրեական գործով արդեն իսկ դատական ակտ է կայացված: Համաձայն մեղադրանքի՝ Ալավերդյանը, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, տեղեկանալով, որ «Բավագարմ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Վարդանյանը ցանկանում է մսամթերք արտահանել ՌԴ, նրան հայտնել է, թե իբր մաքսային մարմիններում ունի ծանոթներ և կարող է էժան գնով կազմակերպել մսամթերքի արտահանումը: Հիշյալ պատրվակն օգտագործելով` 2015թ. դեկտեմբերի 4-ին ընկերության արտադրամասում Ա.Վարդանյանից ստացել է ընդհանուր 713 կգ քաշով առանձնապես խոշոր չափերի` 5.085.000 ՀՀ դրամ արժողության մսամթերք` խաբեությամբ տիրանալով «Բավագարմ» ՍՊԸ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքին:
Բացի այդ` Թելման Ալավերդյանը, նպատակադրվելով ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, 2016թ. մարտի 18-ին ՀՀ քաղաքացի Պետրոս Սարգսյանից վերցրել է նրան պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և ուղևորվել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» ՀԱԿ, որտեղ, հիշյալ ավտոմեքենայից հափշտակելով Պետրոս Սարգսյանի անձնագիրը և այն օգտագործելով, առանց սահմանված փաստաթղթի, «Բագրատաշեն» ՀԱԿ-ով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել Վրաստան:
2017-ի մայիսի 19-ի` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Նելլի Բաղդասարյանի վճռով՝ Ալավերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` հոկտեմբերի 27-ի դատավճռով՝ Թելման Արշակի Ալավերդյանի նկատմամբ նշանակված պատժաչափը մեղմացվել է՝ դառնալով 5 տարի:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր առավոտյան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի է դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր` 30-ամյա Թելման Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից կալանավորի փախուստի դեպք գրանցվել նաև 2014-ին: Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի` արդեն նախկին կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանի մասին է, ով փախուստից հետո հայտնաբերվել էր Վրաստանում, հետո այնտեղից «հայտնվել» երրորդ երկրում: Մեր տեղեկություններով` նա ներկայումս Եվրոպայում է: