կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-28 17:00
Հասարակություն

«Նաիրիտ»-ում բռնկված հրդեհի ժամանակ 3 հրշեջ-փրկարար է ծխահարվել

«Նաիրիտ»-ում բռնկված հրդեհի ժամանակ 3 հրշեջ-փրկարար է ծխահարվել

Օգոստոսի 28-ին` ժամը 13:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:

Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում են նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, ԵՓՎ պետ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ԲՊԱՀՎԿՎ պետ փ/ծ գնդապետ Ա.Դավթյանը և ԹՆԱՎ պետ փ/ծ գնդապետ Ա.Վարդանյանը:

Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

Ժամը 16:15-ի դրությամբ գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց ժամանակ ծխահարվել են երեք հրշեջ-փրկարար. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ և, ստանալով համապատասխան բուժօգնություն, նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:

Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: