կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-06 17:43
Հասարակություն

ԱԻՆ-ի ստացած նոր սարքավորումը հնարավորություն կտա կառավարելու հրդեհի ռիսկը «Նաիրիտ»-ում

ԱԻՆ-ի ստացած նոր սարքավորումը հնարավորություն կտա կառավարելու հրդեհի ռիսկը «Նաիրիտ»-ում

Մարտի 6-ին «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը հանդիսավոր կերպով ՀՀ ԱԻ նախարարությանը հանձնեց 2 միավոր FLIR 50 մակնիշի ջերմացուցիչ սարք: Դրանցից մեկը կտրամադրվի ԱԻ նախարարության Երևանի փրկարարական վարչության «Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատին, մյուսը՝ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման (ԲՊԱՀՎԿ) վարչության անձնակազմին:

Շվեյցարական կողմից ջերմացուցիչ սարքերի տրամադրման առաջարկը եղել էր 2017 թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհից հետո միջազգային փորձագիտական խմբի կատարված ուսումնասիրության ընթացքում: Դրանց առկայությունը հնարավորություն կտա պարբերաբար ստուգել գործարանի տարածքում առկա քիմիական նյութերի ջերմությունը ու ջերմային պրոցեսները և նախաձեռնել կանխարգելիչ գործողություններ հրդեհավտանգ իրավիճակներում: 

Սարքի միջոցով հնարավոր է որոշել առարկաների արձակող ջերմությունը և ջերմաստիճանը, հայտնաբերել որոշակի ջերմային պրոցեսների առկայությունը և ջերմություն արձակող առարկաների առկայությունը: Ջերմացուցիչ սարքը որսում է լույսի ինֆրակարմիր ճառագայթը (ջերմությունը):

Ջերմացուցիչ սարքը հնարավորություն է ընձեռում մշտադիտարկման վայրից տեղեկությունն իրական ժամանակում համացանցի միջոցով փոխանցել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ համապատասխան մասնագետները կկատարեն ինֆորմացիայի վերլուծություն և կտան եզրակացություն:

Շվեյցարիայի համագործակցության գործակալության ազգային ծրագրերի համակարգող Ս. Հովհաննիսյանն անցկացրեց ջերմացուցիչ սարքերի օգտագործման համառոտ դասընթաց «Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատի և ԲՊԱՀՎԿ վարչության աշխատակիցների համար:

Հանձնման հանդիսավոր արարողությունից հետո կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեյցարական հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: ԱԻ նախարարը հատկապես կարևորեց համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը համայնքային բյուջեում՝ նշելով, որ միջազգային կառույցների փորձի ներդրումն ու աջակցությունն այս հարցում մեծապես կնպաստի տեղում բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը: 

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման խթանման ուղղությամբ: