կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-27 12:53
Մշակույթ

«Եթե բանակը կառուցենք ժամանակակից ձևով, բոլորն էլ կծառայեն՝ ջութակահարն էլ, դերասանն էլ, գիտնականն էլ»

«Եթե բանակը կառուցենք ժամանակակից ձևով, բոլորն էլ կծառայեն՝ ջութակահարն էլ, դերասանն էլ, գիտնականն էլ»

Այսօր էլ կան մարդիկ, ովքեր ազատվում են բանակից, վաղն էլ, երբ օրենքն արդեն ուժի մեջ մտած կլինի, էլի կլինեն մարդիկ, որ կազատվեն բանակից. լրագրողների հետ զրույցում ասաց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխության և տարկետման իրավունքի վերացման մասին:

Բաբայանը նշեց, որ օրենքում փոփոխության կապակցությամբ առաջադրվող պնդումների վերաբերյալ մի շարք հարցեր ունի: Դրանցից մեկը, ըստ նրա, արդարության հաստատման մասին միտքն է, այսինքն՝ այն, որ տարկետման վերացումն արդարություն կհաստատի: Մտավորականի կարծիքով՝ այսօր էլ կարելի էր արդարություն հաստատել՝ առանց այդ օրենքի, եթե միայն ցանկություն լինի, և վաղն էլ արդարության չենք կարող հասնել, եթե այդ ցանկությունը չլինի: «Ես ծառայել եմ սովետական բանակում, և մեր բանակի խնդիրները հենց այդտեղից մնացած խնդիրներն են՝ իմ ծառայության տարիներին էլ և´ «գժի թուղթ» էին ունենում, և´ արագ երեխա ունենում: Մյուս կողմից, ասում են՝ կրթական համակարգը կկործանվի, բայց մեր կրթական համակարգն ահավոր վիճակում է, և ես սա ասում եմ` որպես դասախոս: Բանակը մեծ բարեփոխումների կարիք ունի, նախ պետք է այդ մասին խոսենք»,-ասաց Բաբայանը:

Նրա գնահատմամբ՝ մենք շարունակում ենք ունենալ սովետական հայկական բանակ՝ քրեական հարաբերություններով: Բաբայանի խոսքով՝ բանակը պետք է դառնա մեր երկրի բանակը, սերուցք՝ ինտելեկտի, գիտելիքի, որտեղ յուրաքանչյուր մարդ կկարողանա սովորել զինվորական մասնագիտություն, բայց` շարունակելով իր ուսումը:

«Ինձ մի հարց էլ է հետաքրքրում՝ ի՞նչ անել ստեղծագործական բուհերի ուսանողների հետ: Օրինակ` մարդը 10 տարի ջութակ նվագել է սովորում Չայկովսկու դպրոցում և հետո` բուհ ընդունվում, և եթե 1 տարի նա այլևս ջութակ չնվագի, նա՝ որպես ջութակահար, կործանված է: Եթե մատները մեկ անգամ սառեցրեց ու հաստացրեց, այլևս արվեստում անելիք չունի: Բայց, մյուս կողմից, նա կարո՞ղ է գնալ բանակ, այո, կարող է, եթե բանակը չդառնա պատժախուց, դառնա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար պատվավոր բան, երբ բանակի կառույցը դառնա երկրի կառույցը: Ավարտվել է ժամանակը, երբ բանակը պետք է համարվի որպես կյանքից անիմաստ տանող երկու տարի»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ ՀՀ-ն այդպես էլ չփորձեց ստեղծել հայկական բանակ, այն մնաց սովետական՝ իր փիլիսոփայությամբ:

Բաբայանի խոսքով՝ նախ պետք է բանակում առկա խնդիրները լուծել, շեշտը դնել դրա վրա: Ըստ նրա` եթե մեր բանակը կառուցենք ժամանակակից ձևով, բոլորն էլ կծառայեն այնտեղ՝ ջութակահարն էլ, դերասանն էլ, գիտնականն էլ:

Բաբայանն ասաց նաև, որ տեղյակ է՝ հանճարեղ անհատների համար բացառություններ են լինելու` տարկետման իրավունքից օգտվելու:

Նա փորձեց սեփական օրինակով իր խոսքն ավարտել՝ հիշելով իր ծառայության տարիները: «Ես ծառայել եմ սովետական բանակում, և այն ինձ որոշակի օգուտ տվեց: Ցածր դասի հրամանատար եմ եղել: Տարբեր ազգությունների մարդիկ էին հավաքված իմ հրամանատարության ներքո, և ես պետք է կարողանայի կազմակերպել աշխատանք և ոչ յուրայիններով: Ինչպես կարելի է համախմբել մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ ինձ բանակը սովորեցրեց: Սա նաև երկրի ղեկավարման խնդիրն է` ոչ թե թիմերի բաժանվել ու ոչ յուրայիններին վատ աչքով նայել, այլ՝ ինչպես անել, որ մեր գերագույն խնդիրը՝ պետականությունը, կարողանանք կայացնել, քանի որ բոլորիս անձնական երջանկությունը կախված է սրանից»,- ասաց Բաբայանը: