կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-24 16:30
Քաղաքական

Աբսուրդ է, որ զինվորական գործը կոլեգիալ ղեկավարում ունենա. Արմեն Ռուստամյան

Աբսուրդ է, որ զինվորական գործը կոլեգիալ ղեկավարում ունենա. Արմեն Ռուստամյան

«Պաշտպանության մասին» օրենքի նախագծով առաջին քայլն է արվում պաշտպանության ոլորտը փոփոխված Սահմանադրության պահանջներին և նոր իրավիճակին համապատասխանեցնելուն. այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով` ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Սա, ըստ էության, պաշտպանության մասին մայր օրենքն է, որը լավագույն հիմք է ստեղծում, որ այդ ուղղությամբ մենք ճիշտ քայլեր կատարենք»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ այն սկզբունքները, որոնք ամրագրված են այս օրենքում, հստակ պատկերացում են տալիս մեր պաշտպանության մասին, ինչը համահունչ է սահմանադրական պատկերացումներին: Ռուստամյանը հիշեցրեց, որ երբ սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումներ էին ծավալվում, խոսում էին, թե հայտնի չէ` Հայաստանում պաշտպանությունն ինչպես պետք է իրականացվի, ով ինչի համար է պատասխանատու, որտեղ ինչ հարցեր են որոշվելու:

«Ես ընդունում եմ, որ կան հարցեր, որոնք պետք է հստակեցվեն, բայց, ընդհանուր առմամբ, շատ հստակ երևում է այս ոլորտում ԱԺ-ի, կառավարության, վարչապետի, անվտանգության խարհրդի, գլխավոր շտաբի դերակատարությունը, նրանց գործառույթների տարանջատումը»,- ասաց պատգամավորը և հավելեց. «Աբսուրդ է, որ զինվորական գործն ինչ-որ կոլեգիալ ղեկավարում ունենա: Ազգային ժողովում, խորհրդարանական համակարգում հասկանալի է, որ կոլեգիալությունը լավ բան է, բայց սա այդ դեպքը չէ, այստեղ հրամաններ են տրվում, որոնք անվերապահ կատարվում են, հետո նոր քննակում` այդ հրամանները ճիշտ էին, թե՝ սխալ»:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ կենտրոնացված կառավարումը զինվորական գործի այբուբենն է: «Եկեք տարանջատենք այն հարցերը, որոնք քաղաքացիական հարթությունում են գտնվում, բայց կա զինվորական գործ, կա զինվորական շտաբ, որտեղ տարբեր հարցեր են քննարկվում»,- ասաց նա՝ նշելով, որ այդ գործառույթներն օրինագծում հստակ տարանջատված են:

«Պաշտպանության ոլորտում մենք պետք է ունենանք այնպիսի կարգավորումներ, որոնք կերաշխավորեն թիկունքի անվտանգությունը, իսկ պատերազմական իրավիճակում թիկունքը կդառնա ճակատ, և այդ ներդաշնակ անցումը կապահովվի»,- ասաց Ռուստամյանը: