կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-11 16:16
Քաղաքական

Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն ունենա նախագահի ընտրությանը. Արմեն Ռուստամյան

Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն ունենա նախագահի ընտրությանը. Արմեն Ռուստամյան

Ամեն ինչ իր ժամանակն ու ընթացքն ունի, առայժմ քննարկումներ չենք անցկացրել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրելո՞ւ է ՀՅԴ-ն, թե՞ ոչ:

Նա նշեց, որ նախագահը պետք է լինի այնպիսի մեկը, որ հասկանա, թե ինչպես պետք է գործի նոր համակարգ: «Նախագահ անունն է պահպանվել միայն, բայց լիազորությունները բոլորովին այլ են, և այլևս նույն լիազորություններով նախագահ չի կարող լինել»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանի խոսքով` սահմանադրական նորմերին և պահանջներին համապատասխան նախագահ պետք է ունենանք: «Պետք է ունենանք այնպիսի նախագահ, ով առնվազն կբավարարի հիմնական պահանջներին առ այն, որ այդ նախագահը պետք է, ըստ էության, դառնա համայն հայության նախագահը, որովհետև մենք ունենք հսկայական Սփյուռք և մտածում ենք, որ նախագահի ընտրության փուլում ներգրավվի նաև Սփյուռքը»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` այդ հարցն իրենց օրակարգում է: «Մենք այդ խնդիրը չկարողացանք սահմանադրական փոփոխությունների հետ այս փուլում լիարժեք իրականացնել` ապահովելու համար նաև Սփյուռքի մասնակցությունը նախագահի ընտրությանը, բայց այդ խնդիրը մենք դեռ պահպանում ենք մեր օրակարգում: Ապագայում մենք անպայման առաջարկելու ենք մեխանիզմներ, հնարավոր տարբերակներ, որպեսզի Սսփյուռքն էլ իր մասնակցությունն ունենա»,- ասաց նա:  

Ռուստամյանի կարծիքով` նոր նախագահը այդ առումով ևս պետք է նախանձախնդիր լինի, որպեսզի ապահովի հաջորդ նախագահի ընտրության ժամանակ Սփյուռքի մասնակցությունը: «Սա լինելու է  մեր հիմնական ակնկալիքը նոր նախագահից: Մնացած հարցերը մենք ընթացքում կլուծենք»,- եզրափակեց նա: