Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն անկաշկանդ է ձևավորել կառավարության կազմը. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Վստահ եմ` այս ստարտային վիճակում վարչապետի համար ստեղծված են համապատասխան դյուրին պայմաններ, որ կարողանա այն վճռականությամբ, որ ստանձնել է այս պաշտոնը, լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»,- ասաց նա:
Անդրադառնալով իրենց պորտֆելների փոփոխությանը` Ռուստամյանը նշեց, որ իրենք պորտֆելի թվի, տեսակի որևէ հարց երբեք չեն դրել: «Մեր հարցը եղել է կապված այն համագործակցության հուշագրի նպատակների հետ, որոնք միասին համաձայնեցրել ենք, և մեր հարցն այն է, որ այդ ուղղությամբ կատարվեն հնարավորինս արագ և արդյունավետ քայլեր»,- ընդգծեց նա:
Հարցին, թե մինչև ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելն էլ ընտրություններում նույն տոկոսներն ուներ ՀՅԴ-ն և հիմա էլ՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այս համագործակցությունն ի վնաս Դաշնակցությա՞ն գործեց, թե՞ հօգուտ, Ռուստամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդ ամենը համագործակցության հետ է կապված: Այն խնդիրները, որոնք մենք դրել էինք, չենք հրաժարվել` անկախ նրանից, թե որ տեղում կգտնվենք, այդ խնդիրները մեզ համար կարևորված են լինելու` լինենք իշխանության մեջ, թե` իշխանությունից դուրս: Այստեղ տեղի հարցն այդքան էլ կարևոր չէ: Եղավ այն, ինչ կա, համագործակցության հետ չենք կապում այդ ամենը: Այդ համագործակցության նպատակներն են կարևոր, մենք չենք գնացել այնտեղ ինչ-որ ռեյտինգի համար»:
Խոսելով բոնուսների կիրառման մասին՝ Ռուստամյանն ասաց, որ արդյունավետ չի համարում դա: «Արդարացված չէ: Մենք այն ժամանակ էլ դեմ ենք եղել դրան, երբ Երևանի մասին օրենք էր ընդունվում, մենք ասում էինք, որ դա սխալ է: Մենք կարողացանք անել ամեն ինչ, որ այդ բոնուսները չկիրառվեն ԱԺ-ի ընտրությունների ժամանակ, նույն պատկերը կարող էր առաջանալ: Ոմանք զարմացել են դրանից ու լավ չեն հասկացել՝ ինչ է ընդունվել: Հիմա իսկապես այդ բոնուսների կիրառմամբ մեծամասնություն է ձեռք բերում այն քաղաքական ուժը, որը քառասուն տոկոսից ավելի ձայն ունի, բայց բոնուսների կիրառումը մենք ժողովրդավարական չենք համարում: Մյուսների հաշվին է դա լինում: Հարյուր տոկոսը լրացվում է, եթե 60, 40 է եղել, 40-ը դառնում է 50 տոկոս, 60-ից վերցնում են դնում են մյուսի վրա, պարզ տրամաբանություն է»:
Պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս Շիրակի մարզպետից դժգոհություններ կան, Ռուստամյանը նշեց. «Հիմա արդյունքները լավը չեն, ակնհայտ է, արդյունքների համար պետք է լուրջ վերլուծություն անել, և ամեն մեկը իր բաժինն այդ արդյունքների մեջ ունենա, սա նորմալ պրոցես է և չեմ կարծում, որ արտառոց բան կա դրա մեջ: Մենք պարզապես պարզ հայացքով նայում ենք այն պրոբլեմներին և չենք գնում մեր մեղքն ուրիշների վրա բարդելու ճանապարհով, հազար բան կարելի էր ասել, բայց մենք գիտենք, որ գլխավոր պատճառն այն է, որ մենք հարց ունենք և մեր մեջ եղած հարցն օր առաջ պետք է լուծենք»: