կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-28 15:54
Քաղաքական

ԱԺ-ն լիարժեք վերահսկողություն իրականացնելու հստակ գործիքակազմ պետք է ունենա. Ռուստամյան

ԱԺ-ն լիարժեք վերահսկողություն իրականացնելու հստակ գործիքակազմ պետք է ունենա. Ռուստամյան

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված` «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումների ընթացքում դիտարկումներ ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ կանոնակարգ-օրենքը պետք է արտացոլի բոլոր այն լիազորությունները, որոնք նոր Սահմանադրությամբ տրվում են Ազգային ժողովին:

«Ես իսկապես համարում եմ, որ մենք մեր մոտեցումը պետք է  ճիշտ ուղղությամբ տանենք իրար հետ: Սա չի կարող համարվել ԱԺ կանոնակարգի փոփոխություն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վերցրել ենք հինը և փորձել հարմարեցնել նոր համակարգին»,- ասաց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ դա բազմաթիվ հարցեր է առաջացնում:

ՀՅԴ-ականը նշեց, որ նոր ընտրվող խորհրդարանը լինելու է առաջնային մանդատ ունեցող միակ մարմինը, ինչը պետք է արտացոլված լինի կանոնակարգում: «Իշխանությունը ծագում և ձևավորվում է այս մարմնով: Սա չի երևում, սա գլխավոր հարցն է, որ այս կանոնակարգով պետք է երևա: Այսինքն՝ ԱԺ-ի կանոնակարգով պետք է երևա Ազգային ժողովի բոլոր լիազորությունների իրացումը: Ընտրական օրենսգրքից հետո մյուս գլխավոր, կարևոր, համակարգաստեղծ օրենքն այս` «ԱԺ կանոնակարգ» օրենքն է, և մենք սրան պետք է լրջությամբ վերաբերվենք»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել խորհրդարանական կառավարում ունեցող մյուս երկրների փորձը և հասկանալ, թե ինչ վերահսկողական լիազորություններ են տրված խորհրդարանին: Նա նշեց նաև, որ պետք է հստակեցվեն գործիքակազմի ուղղությունները: «Գործիքակազմի հիմնական ուղղությունները երեքն են` առաջնային մանդատ, որ ձևավորում է իշխանությունը, որը պետք է լինի միակ օրենսդիրը, ներկայացուցչական մարմինը, վերահսկողը: Այս ուղղությունները խորհրդարանի ատրիբուտներն են»,- ասաց պատգամավորը:

ՀՅԴ-ականը նշեց նաև, որ պետք է հստակեցվի ԱԺ մտնելուց հետո օրենքների ճակատագիրը: «Երբ օրենքը մտնի ԱԺ, տերը խորհրդարանը պետք է լինի: Կառավարությունը կարող է բերել, բայց երբ գալիս է ԱԺ, տերը նա է, իսկ բացառիկ դեպքերում կառավարությունը կարող է անվստահություն հայտնել որևէ օրենքի»,- ասաց նա: «ԱԺ-ն` իր բոլոր մարմիններով, լիարժեք վերհսկողություն իրականացնելու հստակ գործիքակազմ պետք է ունենա»,- ընդգծեց Ռուստամյանը: