կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-23 23:35
Հասարակություն

Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը

Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը

ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հոկտեմբերի 23-27-ը կազմակերպում է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ: Նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման 7-րդ (Մատչելի և մաքուր էներգիա) և 13-րդ (Գործողություն՝ ի նպաստ կլիմայի) նպատակներին:

Հոկտեմբերի 23-ին Երևանի Հյուսիսային պողոտայում, արշավի տեղեկատվական տաղավարի մոտ կայացել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը և Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը։
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, տալով  միջոցառման մեկնարկը, տեղեկացրել է, որ կազմակերպված արշավի նպատակն է խրախուսել էներգախնայող տեխնոլոգիաները լուսավորության ոլորտում:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն իր խոսքում կարևորել է ծրագիրը և նկատել, որ այն ուղղված է շրջանառվող այն թյուր տեսակետի դեմ, ըստ որի բնապահպանական և տնտեսական ծրագրերը չեն կարող համահունչ լինել, որովհետեև տարբեր նպատակներ ունեն: «Այս միջոցառումը ցույց է տալիս, որ բնապահպանական խնդիրների լուծման համար կատարվող գործողությունները կարող են նաև տնտեսապես արդյունավետ լինել, ինչպես օրինակ այս լամպերի փոխանակումը: Միջոցառման առաջնային նպատակը լինելով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը և երկրագնդի բնապահպանական վիճակի բարելավումը` միևնույն ժամանակ քաղաքացիներին ընձեռում է տնտեսական օգուտներ ունենալու հնարավորություն»,- նշել է Է. Գրիգորյանը և կոչ արել բոլորին միանալ ակցիային:
Դմիտրի Մարիասինը տեղեկացրել է, որ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրով նախատեսված էր փոխել մեկ փողոցի լուսավորությունը, բայց գումարների խնայողության արդյունքում փոխվել է 10 փողոցի լամպեր և ծրագիրը շարունակվելու է մյուս փողոցների համար:
«Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանն էլ ներկայացրել է ծրագրի իրականացման շնորհիվ Երևանի քաղաքապետարանի ունեցած խնայողությունները:
Միջոցառման ընթացքում քաղաքացիները կստանան տեղեկատվություն լուսադիոդային (LED) լուսավորության և դրա առավելությունների մասին,  փոխանակել տան ավանդական շիկացման լամպը LED լամպով ու շահել նվերներ:  
«Երևանի կանաչ լուսավորության շաբաթվա» շրջանակում նախատեսվում են նաև տարաբնույթ միջոցառումներ՝ բարձրացնելու հանրության իրազեկությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ: