Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձել է ոստիկանության առջև ծառացած խնդիրներին, նախանշել հետագա անելիքները, ոստիկանության գործունության առաջնահերթություններն ու նպատակադրումները, ինչպես նաև խոսել սահմանադրական բարեփոխումներից բխող պետական մարմինների հարաբերակցության նոր պայմաններում ոստիկանությունից ակնկալիքների, իրավապահ այլ մարմինների հետ պատշաճ համագործակցության մասին և մի շարք հանձնարարականներ է տվել իրավախախտումների կանխարգելման, երկրում հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ ուղղություններով համապատասխան աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հատված` ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ.
«Պարոնա՛յք ոստիկաններ,
Հատկանշական է, որ իրավախախտումների կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է: Այս աշխատանքի արդյունքներն այս պահին փաստացի հեռու են դրական գնահատվելուց:
Այո՛, հաշվետու ժամանակահատվածում համապատասխան դեպքերի հայտնաբերման աճ է գրանցվել: Սակայն շարքային քաղաքացու համար միշտ չէ, որ տեսանելի են այս ոլորտում ձեր կատարած աշխատանքի արդյունքները: Ես սա ասում եմ գիտակցելով հանդերձ, որ մեր անկախության առաջին տարիներին զենքի և զինամթերքի անվերահսկելի մեծ շրջանառություն է եղել. ես նկատի ունեմ՝ սովետական բանակից Հայաստանի Հանրապետության փոխանցման ժամանակահատվածը, նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղվող մարտերում ձեռք բերված ավարն ու ինչ-որ չափով նաև եղած զենքի անվերահսկելի շրջանառությունը: Սա բոլորիս համար հասկանալի է, բայց արդեն անցել է 23-24 տարի, և մենք պարտավոր ենք այս հետևանքները վերացնել:
Իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջև հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երևույթը մտահոգիչ է նաև այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսևորումներ:
Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է համատարած շուրջկալներ և խուզարկություններ կազմակերպել, խանգարել քաղաքացիների հանգիստը, խախտել նրանց իրավունքները: Այսպիսի դեպքերի համար խստորեն պատժամիջոցներ են կիրառվելու: Խոսքն օպերատիվ աշխատանքի ակտիվացման մասին է, և ընդհանրապես կարծում եմ, որ համակարգում յուրաքանչյուր անարդյունք խուզարկություն պետք է քննության առարկա դառնա և միջոցներ ձեռնարկվեն:
Հարկ եմ համարում ընդգծել, որ պետության իրավապաշտպան համակարգում ոստիկանության անելիքները միայն հանցագործությունների կանխարգելմամբ չեն սահմանափակվում: Դուք ոչ պակաս դերակատարում ունեք նաև հանցագործությունների բացահայտման և դրանք կատարած անձանց հայտնաբերման գործում:
Այս առումով չափազանց կարևոր է ձեր սերտ համագործակցությունն իրավապահ այլ մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության և քննչական մարմինների հետ: Դա, անկասկած, կարող է տալ բազմաթիվ դրական արդյունքներ: Կարծում եմ՝ բանկերից մեկի մասնաճյուղում տեղի ունեցած հափշտակության գործով վերջին ձերբակալությունները ասվածի լավագույն ապացույցն են:
Մեկ անգամ ևս պետք է նշեմ, որ հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: Սա պարզ տեսանելի է ոչ միայն քիչ առաջ ներկայացված թվային պատկերից, այլև պրակտիկայում բացահայտված տասնյակ, երբեմն զավեշտի հասնող դեպքերից:
Բերեմ ընդամենը մի քանի ցայտուն օրինակ: Պարզվել է, որ որոշ դեպքերում հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո: Այսինքն՝ հանցանքի մեջ մեղադրվող անձին այդքան ժամանակ ոչ մեկը չի անհանգստացրել, չի փնտրել: Կամ՝ մեղադրյալը հետախուզման մեջ գտնվելու պայմաններում կարողացել է փոխել իր անձնական տվյալները և ստանալ նոր անձնագիր: Սա խոսում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության մակարդակի մասին: Կամ՝ տարբեր քրեական գործերով հետախուզվող անձի վերաբերյալ կազմվել է մեկ հետախուզական գործ, ապա մեկ քրեական գործով հետախուզումը դադարեցնելուց հետո դադարեցվել է նաև ողջ հետախուզական գործը, ինչի հետևանքով մյուս քրեական գործերով անձն անհիմն չի հետախուզվել:
Ավելին, արձանագրվել է նաև դեպք, երբ հետախուզվողին հայտնաբերելուց հետո ոստիկանության օպերլիազորը նրան քննիչին չի ներկայացրել, այդ մասին նրան գրավոր կամ բանավոր չի տեղեկացրել: Սակայն այդ նույն օպերլիազորը հետախուզումը դադարեցնելու մասին համապատասխան քարտ է ուղարկել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ էլ հետախուզումը հաշվառումից հանվել է:
Բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձևական կամ փաստացի չեն իրականացվում: Դրա արդյունքում հանրապետությունում, նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: Մի դեպքում՝ նույնիսկ 24 տարի՝ 1993-ից մինչև 2017 թվականը որևէ մեկն այդ մարդուն չի անհանգստացրել:
Այդպիսի հետախուզվողները հետագայում ազատվում են, իհարկե, քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կամ ուղղակի դառնում են այլ հանցանքի զոհ: Ընդ որում, այդ անձանց մեծ մասը հետախուզվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման համար, ինչը կրկնակի անընդունելի է և շատ վտանգավոր:
Այս ամենը վկայում է, որ նշված ոլորտում իրավիճակի փոփոխություն, մեղմ ասած, չկա: Հետախուզվողների հայտնաբերման արդյունավետությունը գոնե վերջին հինգ տարիների ընթացքում տատանվում է 31-34 տոկոսի սահմաններում: Սա էլ դեռ առանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327 հոդվածով հետախուզվողների, խոսքը ժամկետային զինծառայությունից խուսափելու մասին է: Հակառակ դեպքում՝ հայտնաբերման ցուցանիշը լավագույն դեպքում հասնում է 14 տոկոսի: Եվ եթե սրան ավելացնենք այն հանգամանքը, որ զինվորական հանցագործություններով հետախուզում իրականացնում է ռազմական ոստիկանությունը, և այնտեղ էլ իրավիճակն ավելի բարվոք չէ, քան այստեղ, դա նշանակում է՝ ընդհանրապես, միգուցե, 10 տոկոսից ցածր կլինի: Այսինքն՝ այսքան հանցագործներ ուղղակի թաքնվում են մեզնից՝ մեզնից բոլորից: Սա անթույլատրելի է:
Այսպիսի պայմաններում պետք է լրջագույնս վերլուծել առկա խախտումների, թերությունների ու բացթողումների պատճառները և համալիր միջոցներ ձեռնարկել վիճակը շուտափույթ շտկելու համար»:
Սերժ Սարգսյանի ելույթի սկիզբն` այստեղ