կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-22 13:12
Քաղաքական

Խոսել Ղրիմի հանրաքվեի դեմ` կնշանակի խոսել Արցախի ինքնորոշման դեմ. քաղաքագետ

Խոսել Ղրիմի հանրաքվեի դեմ` կնշանակի խոսել Արցախի ինքնորոշման դեմ. քաղաքագետ

Ուկրաինական զարգացումներում եւ Ղրիմի հանրաքվեի արդյունքների ճանաչել-չճանաչելու առումով Հայաստանը բավական երկար ժամանակ փորձում էր լռություն պահպանել, դիրքորոշում չհայտնել: Բայց մարտի 18-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ կայացած հեռախոսազրույցի կապակցությամբ տարածված հաղորդագրության մեջ հնչեցված «կիսագնահատականները»' հօգուտ  ինքնորոշման ակնարկով, Ուկրաինայում Հայաստանի հանդեպ գրգռեցին կրքերը:

 

«Թեեւ Հայաստանն ուղղակի հայտարարություններ չի արել Ղրիմի հանրաքվեի արդյունքների ճանաչման կապակցությամբ, հանրաքվեի արդյունքների անուղղակի ճանաչում է եղե: Այսօր, քանի որ վիճակը լարված է, եւ թե' Մոսկվայում, թե' Կիեւում ավելի կտրուկ հայտարարություններ են հնչեցվում, ապա դա, իհարկե, կազդի հայ-ուկրաինական հարաբերությունների վրա ու որոշակի լարվածություն դեռ կպահպանվի»,- Yerkir.am-ին ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

 

«Հայաստանն, ըստ էության, փորձեց շարունակել լռության քաղաքականությունը, այսինքն' հիմա էլ ուղղակի հայտարարություն Ղրիմի կապակցությամբ չի արել, դա եղել է զրույցի մեջ, ոչ ոք չգիտի, թե կոնկրետ ինչ հայտարարություն է արվել, բայց ուղղակի գիտենք, որ դրական է արտահայտվել մեր նախագահը: Եթե Մոսկվայից ուղղակի հարց է հնչեցվել` ինչպե՞ս եք գնահատում հանրաքվեի արդյունքները, ապա պետք է հասկանանք, որ Հայաստանն, իսկապես, չի կարող հանրաքվեի, այսինքն' ինքնորոշման իրավունքի դեմ ինչ-որ բան ասել, դա կհակասի թե' Հայաստանի քաղաքականությանը եւ թե' կխփի Արցախի շահերին»,- ասաց քաղաքագետը' հավելելով, որ հայ-ուկրաինական հարաբերություններում  լարվածությունը, չհասկացվածությունը կպահպանվի մոտ ժամանակներս, ինչն ավելի շատ կախված է, թե այսօրվա ստեղծված իրավիճակում որքան շուտ իրար կհարմարվեն Ուկրաինան ու Ռուսաստանը, որից հետո կհարթվեն նաեւ մեր հարաբերություններն Ուկրաինայի հետ:

 

«Այսինքն' մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ խոսել Ղրիմի հանրաքվեի դեմ, նշանակում է խոսել Արցախի  ու Արցախի ժողովրդի իրականացրած ինքնորոշման դեմ: Ու ստեղծված պայմաններում, Հայաստանը հայտնվել է տհաճ իրավիճակում' ստիպված է խուսանավել մեզ բարեկամ երկու ժողովուրդների շահերի արանքում, որոնք իրար հետ հարաբերությունները փչացրել են: Դրա համար խուսանավելն անհրաժեշտ, բայց նաեւ շատ դժվար է»,- նշեց Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

 

Հայաստանի «կիսադիրքորոշման» կապակցությամբ Ուկրաինայի արձագանքն էլ քաղաքագետը սպասվածից ավելի մեղմ որակեց  ու նշեց. «Մենք պետք է հասկանանք մի բան' Ուկրաինան այսօր ապրում է հեղափոխական օրենքներով, գաղափարներով ու կարգերով: Եվ նման պայմաններում ամեն ինչ ավելի սուր ու խորն է ազդում, ավելի ծանր է ընդունվում: Այդ ամենը հաշվի առնելով' կարելի է ասել, որ արձագանքն այնքան էլ կտրուկ եւ սուր չէ, որքան կարելի էր սպասել»: